211652_close_icon
views-count1743 դիտում article-date 19:44 26-04-2022

Լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանը կդառնար 90 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 24-ին  90 տարեկան կդառնար բռնցքամարտից օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Ճանաչողները գիտեն, որ հարգելով  հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը,  ռինգի մեծագույն ասպետը իր տարեդարձը մշտապես նշում էր ապրիլի 26 –ին: Նրա հիշատակը վառ պահելով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես՝  չի խախտում ավանդույթը:

Անթիվ – անհամար են   սպորտի մեծ վարպետի անվան հետ կապված հուշերն ու հիշողությունները: Դրանք յուրովի մեծարանքի փաստեր են և անմահ են դարձնում նրան: 

Ենգիբարյանի նվաճումները  և կատարողական արվեստը վկայում են , որ նա բռնցքամարտում շատ էր նոր ՝ հասկացվելու համար: Եվ սակայն հաղթեց նրա առաջադեմ մարտաոճը,  որի արդյունքում  անզուգական վարպետը վերջնականապես նվաճել է մարզաշխարհը, վկա՝ չեմպիոնական  տիտղոսները. ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի եռակի չեմպիոն և 1956թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ , միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի վաստակավոր գործիչ  . . .

Երևանցին  չափազանց նրբանակատ էր,  անհրաժեշտ պահին ճիշտ որոշումներ էր կայացնում և հմտորեն էր վարում ինչպես մենամարտերը, այնպես էլ՝  մրցավարական աշխատանքը:

Վլադիմիր Ենգիբարյանը 1994 –ին բնակության մեկնեց ԱՄՆ ՝ Լոս Անջելես: Չէր  համակերպվում օտարությանը: Շուտ – շուտ էր ուզում լինել Երևանում , բայց միջոցներ չկային: Վերջին անգամ ռինգի կախարդը ԱՄՆ –ից ծննդավայր եկավ 2012թ. ապրիլին ՝ ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

Փառահեղ տոնի վերածվեց վարպետի ծննդյան  հոբելյանական ՝ 80 –ամյա տարեդարձը ՝ <<  Մոսկվա >>  կինոթատրոնի դահլիճում: Հնչեցին շնորհավորական բազմաթիվ խոսքեր,   հեռագրեր, արվեստի և մշակույթի մարդկանց կատարումներ  . . .

Հիշեցին նաև նրա անձնական մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդվարդ Արիստակեսյանին, որի ուղեկցությամբ  անզուգական սանը ՝ Ենգիբարյանը իր օգտին բազում տպավորիչ հաղթանակներ է տոնել միջազգային  պաշտոնական մրցաշարերում:

Այդ ամենը հուզել էին հոբելյարին:  Ապա բուռն  ծափերի ուղեկցությամբ ՀԱՕԿ-ի նախագահը բեմ բարձրացավ : Նրա խոսքը առավել հուզիչ էր,  քանզի Ենգիբարյանի դպրոցով անցած սաներից մեկն է ինքը և իր հիշողությունում երբեք չեն ջնջվի  մարզումային երանելի  տարիները :

Ենգիբարյանի երբեմնի աշակերտը`  առնական ու բարի  Գ. Ծառուկյանը  խոստացավ կազմակերպել նաև սիրելի ուսուցչի հաջորդ բոլոր  հոբելյանները և , իհարկե , նաև  100 –ամյակը : Մաղթանքներին  հաջորդեց առատաձեռն  Ծառուկյանի  նվերը:

Ասենք, որ վարպետն արդեն վատառողջ էր և կեցվածքը,  ինչպես ասում են , օլիմպիական չէր: Բայց կարոտից ծարաված  լեփլեցուն դահլիճը  լեգենդար վարպետի բեմելը դիմավորեց բուռն, երկարատև ծափերով: Սա նաև երախտապարտ մարզասերի գնահատականն էր ռինգի գրոսմայստերին, որը, ավաղ, հնչեց իբրև հրաժեշտի ծափահարություն, քանզի 2013 –ի հունվարին նա ԱՄՆ  -ում հրաժեշտ տվեց կյանքին: Փետրվարին դին տեղափոխվեց հայրենիք և նա իր հանգրվանը գտավ Երևանի քաղաքային պանթեոնում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր