211652_close_icon
views-count2787 դիտում article-date 23:14 13-04-2022

Հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է․ Մամիջանյանը Ռուբինյանին պատասխանել է, թե ինչ է ենթադրում փաթեթային տարբերակը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

«Եթե Ռուբեն Ռուբինյանը լիներ Հայաստանի каламбур-ի հավաքականի հարձակվողը՝ ես հանգիստ կլինեի, որ ոսկի մեդալը մերն է լինելու: Բայց քանի որ նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր երկրի հատուկ ներկայացուցիչն է՝ ես խիստ անհանգիստ եմ այն փաստով, որ նա չի կարողանում ընկալել Նախագահ Սարգսյանի այսօրվա տված մեկնաբանությունը:

Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է, ինչպես նա արեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված և դրանում չներառված հայկական տարածքների հետ, իսկ այ փաթեթային տարբերակը ենթադրում է, որ պայմանավորվածությունները իրականացվելու են հաջորդաբար, տարբեր ժամանակային ֆազաներում, ՓՈՒԼերում, սակայն դրանց մասին պայմանավորվածությունները ընդունվելու են ՓԱԹԵԹով»:

News.am-ից տեղեկանում ենք, որ  Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին, ֆեյսբուքյան իր էջում մեջբերել էր Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցախի խնդրի կարգավորման «փուլային և փաթեթային տարբերակների տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»։ Այնուհետև Ռուբինյանը գրել էր․ «Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր