Պետական դրոշի գործածման տարածքները կընդլայնվեն. ԱԺ-ն միաձայն ընդունեց ընդդիմության նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ ձայն:
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ դրոշը մշտապես բարձրացվում է նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:
ՀՀ դրոշը Հանրապետության և Անկախության տոներին, ինչպես նաև Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը: