Հայաստանում կընդլայնվեն անտառային տարածքները
Գործադիրի համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Սևանա լճի ափամերձ (Սևան-Արտանիշ հատված՝ 10 հա և Դրախտիկի հատված՝ 10 հա) տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այն կնպաստի էրոզիոն պրոցեսների կանխարգելմանը, մակերեսային հոսքերի նվազեցմանը, քամու բացասական ազդեցություններից տարածքի պահպանմանը, միկրոկլիմայի բարելավմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը:
Կոտայքի մարզում 100 հա անտառային տարածքներ կվերականգնվեն կոճղաշիվային վերաճի օժանդակման միջոցով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2016թ. մարտի 17-ին կայացած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի համապատասխան արձանագրության պահանջներից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Լոռու մարզի Մեդովկա համայնքի խմելու ջրագծերի վերանորոգման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ջրատարը 550 բնակիչ ունեցող համայնքի խմելու ջրի միակ աղբյուրն է և այն գտնվում է անմխիթար վիճակում, ուստի անհրաժեշտ է կատարել ջրագծերի վերանորոգման աշխատանքներ:
Ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2016թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում: Ըստ այդմ՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2016թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն մ3: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր մտահոգությունները հայտնել է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության առնչությամբ և արդեն աշխատանքից ազատվել են ՋՕԸ մի քանի ղեկավարներ:
Վարչապետը հանձնարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լուրջ ուշադրություն դարձնել ՋՕԸ գործունեությանը: