211652_close_icon
views-count2499 դիտում article-date 11:40 18-03-2022

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Հայաստան-Կիպրոս դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.


«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Մարտի 18-ը նշանավորվում է հայ-կիպրական բազմադարյա կապերի և ամուր բարեկամության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ամրագրմամբ։

Հայաստանն արժևորում է անցած երեք տասնամյակների ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորված միջպետական ամենաջերմ փոխհարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը, որոնք վկայությունն են հայ և կիպրացի ժողովուրդների անսասան եղբայրության և փոխաջակցության։

Գաղտնիք չէ, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանը վայելում է փոխադարձ բարձր վստահություն և ռազմավարական համագործակցություն:

Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ երկկողմ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-կիպրական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին և դրանք բարձրացնելով որակական նոր մակարդակի։

Հայ-կիպրական հարաբերություններին առանձնահատուկ բովանդակություն և ջերմություն է հաղորդում կենսունակ հայ համայնքն իր ունեցած ներդրումով երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, որը մշտապես բարձր գնահատանքի է արժանացել Կիպրոսի կառավարության կողմից։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս 30-ամյա հոբելյանի կապացությամբ՝ մաղթելով մեր երկրներին և եղբայրական ժողովուրդներին բարեկեցություն և խաղաղություն, հոբելյանական տարեդարձներով լեցուն բեղմնավոր փոխգործակցություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր