211652_close_icon
views-count242841 դիտում article-date 10:45 16-03-2022

Երևանում մայր ու որդի փրկվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ. 11-ամյա տղան գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը մարտի 13-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում 73-ամյա վարորդի կողմից Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու վրաերթի ենթարկելու մասին։

Հրապարակման մեջ նշել էինք, որ վրաերթի ենթարկվածները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով, ինչի մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին տեղում հայտնել էին քաղաքացիները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերում վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրանց կյանքը։

Երեխան գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում ու իվանդանոցից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային ու մորը հիվանդանոց տեղափոխած Կ. Ավագյանը Ազգային անվտանգության ծառայության  աշխատակից է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 13-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝  պարեկ Միքայել Միքայելյանի և կրտսեր պարեկ Ավետիս Աբրահամյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր  Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր