211652_close_icon
views-count16806 դիտում article-date 17:58 15-03-2022

Ձեզ բացակա չենք դնի. Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հերոսների զինվորական պանթեոնում ամեն օր ծաղիկներ են խոնարհում ու խնկարկում լեգենդ դարձած հերոսների շիրիմներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրեթե ամեն օր քաղաքացիների այցը չի դադարում Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հերոսների զինվորական պանթեոն:  Այցելուները միշտ խնկարկում ու ծաղիկներ են խոնարհում լեգենդ դարձած հերոսների շիրիմներին:

Դեռ Արցախյան առաջին պատերազմին գյուղն իր հերոսներն էր տվել: Արցախյան 44-օրյա պատերազմին  գյուղը նույնպես ունեցավ իր հերոսները, ովքեր  առանց վարանելու բազմաթիվ  առյուծ ու արծիվ տղաների հետ մեկնեցին Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին:

Շատերը նահատակվեցին մինչև վերջ մարտի բռնվելով մինչև ատամները զինված թուրք – ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ:

Հերոսների շիրմներին այցի եկածներն ասում էին. «Հայաստանում չկա որևէ անկյուն, որ Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա  և Արցախյան  44-օրյա պատերազմներում իր հերոսը չունենա:  Մեր գյուղն էլ բացառություն չէ:

Ամեն անգամ մեզ համար սրբութուն դարձած այս զինվորական պանթեոն այցելելիս տխրության հետ նաև հպարտանում ենք:  Հպարտանում ենք, որովհետև մեր տղերքը չեն պարտվել, մեր տղերքը հաղթել են: Պատմությունը այնպիսի բան է, որ սուտը, կեղծիքը չես կարող երկար թաքցնել: Մի օր ողջ աշխարհն է իմանալու ճշմարտությունը՝ թե ով պարտվեց  Արցախը պաշտպանելու գործում և ով մինչև վերջին շունչը պայքարեց Արցախի համար:

Ամեն օր այցելում ու ծաղինկներ ենք խոնարհում, ամեն օր խնկարկում ենք ու խունկի բույրը երկինք է  բարձրանում: Գիտենք՝ մեր հերոս տղերքը  հիմա  էլ երկնքից են մեզ պահում: Թող  այլևս պատերազմ չլինի: Մենք խաղաղություն սիրող ազգ ենք: Մեր հերոս տղերքը խաղաղություն պահող տղերք են, ու տղերք էին:  Բայց եթե թշնամին ոտնձգություն կատարի, նորից պայքարի է ելնելու հայի ոգին»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լինում են դեպքեր, որ առյուծածին մայրերի հետ լեգենդ դարձած հերոսների շիրիմներին են այցելում նաև երեխաներ, ովքեր ոչ միայն խնամում են շիրմները, այլ նաև  զրույցի են բռնվում հերոսների հետ, նրանց համար ընթերցում հայ դասականների ստեղծագործություններից և ի լուր աշխարհի ասում են՝ դուք  հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ու Արցախի նվիրաբերեցիք Աստծո կողմից տրված ամենամեծ բանը՝ կյանքը  ու հիմա մենք պարտավոր ենք  ամեն օր հիշել ձեզ, ամեն օր հպարտանալ ձեզնով և ի լուր աշխարհի ասել՝ մենք ձեզ բացակա չեք դնի:


Ցասումով լցվեց հայոց զինվորը:
Պայթեց երկինքը հզոր Արցախի,
Քնից արթնացան առյուծ այրերը,
Հետապնդում էր մահը ոսոխին,
Դիպուկ զարկեցին մեր արծիվները:
Աշխարհը լուռ է, իսկ մենք միայնակ,
Բայց չենք վհատվում, այլ ամրանում ենք,
Այդպես է եղել ամեն ժամանակ.
Դասեր ենք առնում ու բռունցքվում ենք:

Մուսուլմանների անծայր խառնարան,
Եվ արդիական լուրջ զինտեխնիկա,
Դիմացը կանգնած՝ քաջերի շարան,
Հայրենյաց պաշտպան, հերոսներ հսկա:
Չորսօրյա կռիվ, բյուր նենգություններ,
Աշխարհից բերված շատ-շատ վարձկաններ,
Զարմանք պատճառող բազում երկրներ,
Ողջը պատնեշող առյուծ տղաներ:

Եվ անհավասար այս դաժան մարտում,
Բազում հոգիներ երկինք բարձրացան,
Նրանք բազմեցին մեծ տիեզերքում,
Որ լուսավորեն հաղթության ճամփան:
Միախառնվեցին հայրենյաց հողին,
Նահատակվեցին հերոսի վարքով,
Եվ զգոնացրին համայն աշխարհին.
Արդ. հայրենիքը փրկում են կյանքով:

Մեր հերոսների ոգու կորովը,
Երկինք սլացավ լույսի պես արագ,
Թշնամու հոգուն տիրել է սովը,
Մեր առյուծները զարկում են անհագ:
Ծնկի ենք գալիս մենք նրանց առաջ,
Եվ խոնարհվում ենք, համբուրում հողը,
Պատրաստ ենք գնալ մահվանն ընդառաջ,
Որ հպարտ ապրի նրանց ծնողը:
Դուք չեք մահացել, Դուք կապրեք հավերժ…
Ընդմիշտ մաքրել եք երկինք ու գետին,
Ձեր խնկաբույրը կսուրա անվերջ, Երնեկ Ձեզ ծնած հերոս մայրերին…


Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր