211652_close_icon
views-count22702 դիտում article-date 09:24 15-03-2022

Ադրբեջանը չհարձակվի 120 ժամ անց, կհարձակվի 120 օր հետո.պատերազմը պետք է ընդունենք ի գիտություն. Գևորգ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

Ադրբեջանը խաղաղության պամանագրի կնքման համար Հայաստանին է ներկայացրել 5 կետից բաղկացած, իրենց բնորոշմամբ, համապարփակ առաջարկներ, դրանք են՝

▪️ Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական ​​սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

▪️ Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։

▪️ Զերծ մնալ միջպետական ​​հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից։

▪️ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատում։

▪️ Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացրած պահանջների մասին, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց՝ իրադարձությունների շղթան իրեն հիշեցնում է 1917 թվականը, երբ ռուսական հեղափոխության պատճառով ռուսական զորքը հեռանում էր Կովկասից, ինչի հետևանքով առանց ռազմական ներուժի մնացած Հայաստանը խաղաղություն էր մուրում։

«Ինչ վերաբերում է անմիջականորեն Ադրբեջանի ներկայացրած 5 կետերին, ապա դրանք ոչ թե կետեր են, այլ միասին վերցրած՝ վերջնագիր՝ ուղղված Հայաստանի դեմ։ Դրանք չբավարարելու դեպքում Հայաստանի հարավը կարող է կտրվել, ու մեր երկիրը կվերածվի անկլավի՝ ոչ կենսական մի տարածքի։ Սա վերջնագիր է, սակայն, որը նոր չէ. դեռևս 2020 թ. նոյեմբերի 9-ի հատարարությունից հետո էր Ադրբեջանը գնում այս գործընթացին։ Ավելին՝ այդ երկրի նախագահի մակարդակով բազմիցս հայտարարվել է այդ պահանջների մասին։ Պարզապես հիմա, երբ տարածաշրջանում ուժերի հարաբերակցություն է փոխվում, Ադրբեջանը գնում է մաքսիմալ ճնշման՝ հնարավորինս շատ Հայաստանից պոկելու համար»,- ասաց պատմաբանը։

Ադրբեջանի ներկայարած առաջարկին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: Պատմաբան Գևորգ Մելքոնյանը մեր երկրի արտաքին գերատեսչության արձագանքը Ադրբեջանի առաջարկներին այսպես մեկնաբանեց.

«Հայաստանն այդ պատասխանով պարզապես փորձում է ժամանակ ձգել։ ԵԱՀԿ ՄԽ-ին հղում անելով՝ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է Հայաստանին պարտադրվող գործընթացը պարզապես երկարաձգել»։

Ըստ պատմաբանի՝ Հայաստանի արտգործնախարարությունը հնարավորինս արագ փորձում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, որպեսզի Թուրքիան Ադրբջանին թույլ չտա Արցախում և Հայաստանում ռազմական գործողություններ։

«Հայաստանի իշխանությունը մտածում է Ադրբեջանի ախորժակը զսպել՝ Թուրքիային զիջումներ անելով»,- ասաց նա՝ հարց ուղղելով, թե արդյո՞ք ճշտել են՝ Թուրքիան ցանկանո՞ւմ է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն կնքի, և արդյո՞ք Թուրքիան չի ցանկանում, որ Հայաստանի հարավը կտրվի։

«Կարճաժամկետ, այս պահին, իհա՛րկե, Թուրքիան բավարարված է Հայաստանի կողմից արվող զիջումներով, բայց պատմության մեջ շատ են դեպքերը, երբ արվող զիջումները չեն զսպել թուրքական ախորժակը, ուստի կարող է այն ավելի մեծանալ՝ հաշվ առնելով, որ Ադրբեջանը ցանկանում է Երասխից դեպի հարավ՝ մինչև Սևանի ավազանի արևելյան շրջաններ, ուստի ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը չհարձակվի 120 ժամ անց, կհարձակվի 120 օր հետո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ, ամենայն հավանականությամբ, լինելու են։ Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստում է նոր ռազմական գործողության՝ ավելացնելով իր ռազմական բյուջեն, ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի. պետք է պատերազմն ի գիտություն ընդունենք, իսկ հասարակության այն տգետ հատվածը, որը մտածում էր՝ Արցախը հանձնեց, ապրելու է խաղաղության մեջ, հիմա տեսնում է՝ խաղաղություն չի տրվում տարածքներ հանձնելու գնով»,- ասաց պատմաբանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր