211652_close_icon
views-count57631 դիտում article-date 09:14 15-03-2022

«Բարձր ռիսկայնության պարագայում կանայք և անչափահաս երեխաները պետք է անհապաղ տեղափոխվեն ապահով տուն». Կանանց աջակցման կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի հայտարարությունը՝ մարտի 11-ին տեղի ունեցած կնասպանության դեպքի վերաբերյալ.


«Ս․թ․ մարտի 11-ին, Զովունի գյուղի դպրոցի մոտ նախկին ամուսինը՝ հետապնդելով կնոջը գործադրել է նռնակ, որի պայթյունի հետևանքով նրանք զոհվել են։ Ցավոք կնասպանության զոհ դարձած կինը եղել է Կանանց աջակցման կենտրոնի շահառուն։

Դեպքից մի քանի օր առաջ՝ մարտի 3-ին նա դիմել է աջակցման կենտրոնին, որից հետո կատարվել է դեպքի գնահատում։

Անվտանգության գնահատման ընթացքում պարզվել է, որ նախկին ամուսինը շարունակաբար հետևում ու հետապնդում է կնոջը, սպառնում է վնասել նրան ու երեխաներին, կինը վստահեցրել է, որ այդ սպառնալիքները իրական են և նախկին ամուսինն ի վիճակի է իրագործել դրանք։ Կինը նշել է նաև, որ փորձել է ինքնասպանություն գործել՝ խեղդամահ լինելու կամ դեղամիջոցներ ընդունելու միջոցով։

Արդյունքում,  ի հայտ է եկել ռիսկայնության բարձր աստիճան և կնոջն առաջարկվել է անչափահաս երեխաների հետ տեղափոխվել ապահով տուն (ապաստարան)։ Նելլի Ն․-ի հետ քննարկվել են ռիսկերը, քննարկվել է նաև չափահաս որդու անվտանգության հարցը, սակայն մայրը տեղեկացրել է, որ որդին սովորում է բժշկական համալսարանում և չի կարող կտրվել դասերից։ Կինը գրավոր հրաժարվել է ապահով տան ծառայությունից և նշել, որ նպատակահարմար է գտնում միասին լինել, միաժամանակ ընդգծելով, որ տեղեկացված է և անհրաժեշտության դեպքում կդիմի ապաստարանի ծառայությունից օգտվելու համար։

Այս ողբերգությունը ևս մեկ անգամ ամրագրում է այն փաստը, որ բարձր ռիսկայնության պարագայում կանայք և անչափահաս երեխաները պետք է անհապաղ տեղափոխվեն ապահով տուն՝ խուսափելու համար աղետալի զարգացումներից։

Այս ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել միասնաբար, թե՛ սոցիալական ծառայությունները, թե՛ ոստիկանությունն ու իրավապահ ամբողջ համակարգը պետք է գիտակցեն խնդրի լրջությունը։ Ամեն վայրկյան հապաղումը կարող է կյանք արժենալ։ Խորին ցավակցություն ենք հայտնում կնոջ հարազատներին, երեխաներին, ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցել յուրաքանչյուր կնոջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի դպրոցի մոտ դիեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։

Ժամանել էր նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Մինասյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ։

Քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարել։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի դիմացի բնակչի տան ճանապարհի հատվածում հայտնաբերել էին կնոջ և տղամարդու դիեր, դիերից այն կողմ՝ կտրված ձեռք, որը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով էր կտրվել։ 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր