211652_close_icon
views-count4088 դիտում article-date 14:08 14-03-2022

Առողջապահության նախարարն անդրադարձել է Covid-19-ի թեստերի գների վերաբերյալ հարցին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ է կորոնավիրուսի թեստերի՝ երբեմն հանդիպող շատ բարձր գնի խնդրին, անհրաժեշտության դեպքում համագործակցում է Մրցակցության պետական հանձնաժողովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հարցին:

Թովմասյանը նշեց՝ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք առերևույթ իրականացրել են անբարեխիղճ մրցակցային գործողություններ և գերթանկ գնով կորոնավիրուսի թեստեր են արել: «Ընկերությունները կորոնավիրուսի թեստերը գնում են 500-1500 դրամով, սակայն ծառայությունները մատուցում են 8000-15000 դրամով»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց գնագոյացման, որակի վերաբերյալ:

Նախարարը, անդրադառնալով թեստերի վերաբերյալ խնդրին, հայտնեց, որ իրենք ևս տեղյակ են: «Անհրաժեշտության պարագայում ակտիվ համագործակցում են ՄՊՀ-ի հետ»,-ասաց Ավանեսյանը՝  չցանկացավ այլ գերատեսչություններին վերաբերող  հարցի վերաբերյալ դիտարկումներ անել:

Այնուամենայնիվ, նախարարը նշեց, որ թեստերի արժեքը պետք է դիտարկել ժամանակի ընթացքում, որովհետև դրանք շատ կտրուկ փոփոխվել են, 2020 թվականից ի վեր գնային քաղաքականությունը տարբեր է եղել, ներմուծման շատ տարբեր գներ կան:

«Բայց պետք է հասկանանք, որ ինքնարժեքը ձևավորվում է ոչ միայն զուտ թեստի հիման վրա, այլ նաև լաբորատոր սարքավորումների, բուժաշխատողերի աշխատանքի: ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր հզորությունները որոշակի բարձր հագեցվածություն են պահանջում, ինչը ևս ներդրումների, ծախսատարության տող է ստեղծում»,-ասաց նախարարը՝  կարևորելով ամբողջական դրանց գնագոյացման ամբողջական գնահատումը:

Նմանատիպ նյութեր