211652_close_icon
views-count30948 դիտում article-date 15:23 09-03-2022

Նոր մոնոպոլիա՝ հետհեղափոխական Հայաստանում

Հայաստանի կառավարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով։ Առաջիկայում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջանքերով կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք իբր թե պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին։ Նպատակը, ըստ նախաձեռնողների, մեկն է. ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացը գրավիչ դառնա ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար։ Սակայն իրավական նախաձեռնությունը փաստում է մեկ այլ բան․ այն է՝ առաջիկայում կառավարության անդամներից կամ մտերիմներից մեկը կդառնա խոշոր մոնոպոլիայի տեր։

Նախագծով ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50 000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ:

Ավելին, ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար՝ ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով: Նաև տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար՝ տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով:

Այս չափանիշներով ներկայումս գործող ավտոշուկաների մեծ մասը կփակվեն, ու բազմաթիվ մարդիկ կկանգնեն օրվա հաց վաստակելու խնդրի առջև։

Նախաձեռնությունը բազում հարցերի տեղիք է տվել Հայաստանում ավտոշուկաների տերերի մոտ: Նրանց խոսքով՝ նրանց կարծիքը ոչ ոք չի լսել, չի հարցրել, նախաձեռնության մասին տեղյակ չեն, և նախատեսվող  փոփոխությունն իրենց համար տհաճ անակնկալ է։ Այստեղ կարևոր էր կանչել հիմնական շահառուներին և հնարավորություն տալ ներկայացնել առկա իրավիճակը, միայն այդ դեպքում հնարավոր կլիներ փոփոխությունները կյանքի կոչել: Պարզ է դառնում, որ նպատակը մեկն է․ նոր Հայաստանում իրավիճակ են թելադրում մոնոպոլիաները՝ սպանելով փոքր ու միջին բիզնեսը։ Հատկանշական է, որ գործարարների կատարած ներդրումները և տարիների աշխատանքը ոլորտում կարող են ի չիք դառնալ նոր կարգավորումների պատճառով։

Թե հատկապես ում է ձեռնտու այս օրենքը, առաջիկայում ամբողջությամբ պարզ կլինի բոլորիս համար։ Բայց հարց է ծագում՝ «ինչքան ուզենք, կխփենք» արտահայտությունը գործում է նաև հետհեղափոխական Հայաստանում, թե ուղղակի հասարակ քաղաքացու կյանքից ու խնդիրներից հեռու, արտահասմանում կրթություն ստացած գերատեսչական «նոր» կադրերի անմեղսունակ նախաձեռնություններից է։
 

Նմանատիպ նյութեր