211652_close_icon
views-count2867 դիտում article-date 16:38 06-03-2022

Ուկրաինայի մեր հայրենակիցներին ասում են` ձեր գլխի ճարը տեսեք. Քաղաքագետը` հայերի տարհանման մասին

Ուկրաինայում մեր հայրենակիցների վիճակը ծայրահեղ ծանր է, հատկապես այն վայրերում, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողություններ, իսկ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում նրանց Ուկրաինայից հանելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Ուկրաինայում գտնվող հայ համայնքի վիճակին:

«Ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ սկսելուց ի վեր բավական ակտիվ աշխատում է իր քաղաքացիներին Ուկրաինայից դուրս բերելու ուղղությամբ եւ այս ամենում ներգրավված են ոչ միայն  Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանը, այլեւ Մոլդովայում եւ Ռումինիայում Ադրբեջանի դեսպանները, որոնք շատ ակտիվ մասնակցում են  մարդկանց տվյալների ճշգրտման եւ մարդկանց տեղափոխմանը Քիշնեւ եւ Բուխարեստ, որտեղից կատարվում են չարտերային չվերթներ: Իմ տեղեկություններով, արդեն մի քանի չարտերային չվերթ է կատարվել Մոլդովայի մայրաքաղաքից դեպի Բաքու: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների վարքագծին, պետք է ասել, որ բազմաթիվ տելեգրամյան ալիքներից, ինչպես նաեւ սոցիալական ցանցի ֆեյսբուքյան հարթակի տարբեր խմբերում տեսել եմ տեղեկություններ, որ  ՀՀ դեսպանության թեժ համարներին զանգող մեր հայրենակիցները արժանանում են արհամարհանքի, նրանց ասում են` ձեր գլխի ճարը տեսեք: Արդեն 10 օր է` ինչ ռազմական գործողություններ են ընթանում, ոչ մի լրատվամիջոց չի հայտնել, որ Ուկրաինային սահմանակից երկրներից չարտերային թռիչքներ են կազմակերպել դեպի Հայաստան: Ավելի լավ կլիներ, որ մենք ընդհանրապես դեսպանատուն չունենայինք Կիեւում, որովհետեւ ոչ մի աշխատանք չեն իրականացում»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` ոչ պաշտոնական տվյալներով Ուկրաինայում մինչեւ 600 հազար հայ է բնակվում եւ այս պահին պետք է շատ ակտիվ աշխատանքներ տանեին, որոնք չեն իրականացնում:

«Ես մի քանի ընտանաիքներ գիտեմ Խարկովում, որ ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ քաղաքից, ծանր վիճակ է նաեւ Օդեսայում: Ես չգիտեմ` ինչ է լինելու նրանց վիճակը, եթե մեր իշխանությունները շարունակեն այսպես վարվել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր