211652_close_icon
views-count83045 դիտում article-date 21:23 26-02-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում. հսկայական կոյուղատարը պայթել է, կեղտաջրերն էլ ողողել են Հրազդանի կիրճը. օպերատիվ են գործել Երևանի քաղաքապետարանը, Արաբկիրի թաղապետարանը, «Վեոլիա ջուրն» ու Երևանի գնդի պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի հարևանությամբ գործող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ տեղադրված հսկայական կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը ողողել են Հրազդան կիրճի որոշ հատված:
 
Կեղտաջրերի արտահոսքի հետևանքով Կիևյան կամրջից դեպի Կիևյան կամրջի տակ, ահագին հատված լցված է կեղտով, քարերով ու հողով:
 
Օպերատիվ են գործել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մի քանի բրիգադներով՝ տնօրենի գլխավորությամբ, ավելի քան մեկ ժամ հսկայածավալ աշխատանքներ են կատարել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում ավագ պարեկ Արտակ Մխոյանն ու կրտսեր պարեկ Հարություն Սահակյանը նույնպես ուժեղացված ծառայություն են կատարում, որ խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվում է, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները կարողանան առանց խոչընդոտի աշխատանքներ իրականացնել:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները:
 
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարարությամբ, Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի իրենց գործընկերների հետ այս պահին «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու համար, թե ինչն է եղել վթարի պատճառը:
 
Կա վարկած, որ հնարավոր է, որ այն օրերս Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով է եղել:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր