211652_close_icon
views-count1877 դիտում article-date 10:59 25-02-2022

Միջազգային իրավունք չկա, դաշնակից՝ նույնպես․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պետք է խոստովանեմ. չէի սպասում, որ Պուտինը նոր լայնամասշտաբ պատերազմ է սկսելու:  Ոչ թե այն պատճառով, որ պատերազմն աղետ է, մարդ սպանելն՝ անբարոյականություն, եւ այլն՝ նման բաներ քաղաքականության մեջ գոյություն չունեն: Պարզապես ինձ թվում էր, որ Ռուսաստանը հնարավորություն չունի 2022 թվականին կրկնելու այն, ինչ արել է 2008 եւ 2014 թվականներին՝ այս անգամ քաղաքական գինն ավելի բարձր է լինելու:

Բայց ես սխալվեցի. Արեւմուտքը որեւէ բան չի հակադրում Ուկրաինայի վրա հարձակմանը, բացի հայտարարություններից, կոչերից եւ «հույս հայտնելուց»: Տնտեսական պատժամիջոցներ, այո, կլինեն, ռուսաստանցիների կյանքը կդժվարանա, բայց դա այն լծակը չէ, որը կարող է ազդել Պուտինի քաղաքականության վրա:

Սակայն նման իրավիճակներում ինձ այնքան էլ հետաքրքիր չեն երկու կողմերի քաղաքական գործիչները՝ իրենց նենգությամբ եւ մարդկային կյանքերի, մարդկանց տառապանքների հանդեպ անտարբերությամբ՝ դա սովորական, դարերի ընթացքում մշտապես կրկնվող պատմություն է: Ավելի հետաքրքիր է ժողովուրդը կամ, եթե կուզեք, սոցիումը, որի դերը, վստահ եմ, հսկայական է նման հակամարտություններում: Ռուսաստանցիների մեծ մասը ակնհայտորեն ողջունում է նոր պատերազմը, որը դիտարկում է որպես «ծնկներից վեր կենալու» հերթական փուլ, թեեւ չկա այն ոգեւորությունը, որը նկատվում էր նախորդ՝ Ղրիմի «օպերացիայի» ժամանակ: Արեւմտյան երկրների հասարակությունները, ենթադրում եմ, մեծ մասամբ անտարբեր են, թե ինչ է կատարվում նախկին խորհրդային տարածքում:

Առավել կարեւոր հարց է, թե որքանով է ուկրաինական հասարակությունը պատրաստ դիմադրելու: Խոսքը ոչ թե բանակի տեխնիկական հագեցվածության, ոչ էլ ինչ-որ վերացական մարտունակության մասին է: Մարտունակ է նա, ով հավատում է իր պետության, իր ազգի ապագային, ով ունի անսասան արժեքային համակարգ եւ սկզբունքներ: Դա ավելի կարեւոր է, քան տանկերի եւ ԱԹՍ-ների քանակը: Կա՞ արդյոք Ուկրաինայում ագրեսորին դիմակայելու վճռականություն, թե՞ մարդիկ հոգնել են այդ բոլոր խնդիրներից եւ ուզում են «պարզապես ապրել»: Ուկրաինացիների հետ կապված ես այդ հարցին չեմ կարող պատասխանել՝ բավականաչափ տեղեկացված չեմ: Պատկերն ավելի պարզ կդառնա, եթե, ասենք, մեկ տարուց  այդ երկրում տեղի ունենան արտահերթ ընտրությունները, եւ քաղաքացիները կրկին ընտրեն Զելենսկուն:

Ի՞նչ դասեր պետք է քաղենք մենք այս իրավիճակից: Առաջինը, հավանաբար, այն է, որ միջազգային իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի. ցանկացած երկիր ցանկացած պահի կարող է հարձակվել մեկ այլ երկրի վրա, եթե դրա ռազմական եւ քաղաքական հնարավորությունն ունի: Իսկ երկրորդն այն է, որ դաշնակիցներ նույնպես, ըստ էության, չկան՝ ամեն մի պետություն ինքն է իր գլխի ճարը տեսնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր