211652_close_icon
views-count2374 դիտում article-date 14:54 22-02-2022

ԳԱԱ-ում ԱԺ պատվիրակության հետ քննարկվել են գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

Ս.թ. փետրվարի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը:

Քննարկվեցին Հայաստանում գիտության և գիտատեխնոլոգիական ոլորտի հեռանկարային զարգացման հարցերը:

«Այսօր Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների շեմին է: Բարեփոխումներն իրականացվում են Գիտության կոմիտեի հետ համաձայնեցված և գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ համահունչ: Բարեփոխումներ ասելով՝ նկատի ունենք գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական և  գիտահետազոտական ոլորտների կառավարման  ճիշտ շեշտադրում, գերազանցության կենտրոնների ստեղծում, դրանց հենքի վրա հետազոտական ցանցերի ստեղծում, կրթական, արդյունաբերական բաղադրիչների ներառում և այդ ամենի հիման վրա կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապի ապահովում, ինչը լուրջ գործոն է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման, գիտահեն տնտեսության ստեղծման գործում», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն իր խոսքում նշեց. «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, ովքեր իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»։

Հակոբ Արշակյանը շեշտեց՝ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է: «Բացի ռազմավարական երկարաժամկետ ծրագրերից, ինչպիսին են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, բյուջետային պլանավորման համակարգը, ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, ինչը պետք է իրականացվի Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ: Հայաստանում գիտակրթական ոլորտում ներդրումներն ամենաարդյունավետն են, և այս տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող»:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց, որ պետք է լինի սերտ համագործակցություն Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության կոմիտեի և նախարարությունների միջև: «Պետության կողմից ընդունված կարգախոսը, ըստ իս, պետք է լինի մեկ նախադասությամբ՝ գիտատեխնոլոգիական արդիականացումը պետք է հանդիսանա ազգային զարգացման դոկտրին: Այդ դոկտրինը պետք է մշակել և ընդունել ամենալուրջ մակարդակով», - ասաց Արթուր Իշխանյանը:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասաց. «Գիտության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել: Ամենակարևորը՝ գործընկերային հարաբերությունների ստեղծումն է համակարգի բոլոր կազակերպությունների և դերակատարների միջև: Կառավարությունն ընդունել և հանձն է առել գիտության ոլորտի հետ Հայաստանի ապագան կապելու առաքելությունը, ընդունել է գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհը: Այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում մոտ 85 տոկոսով:  Քայլեր են արվում Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի բարեփոխումների, օպտիմալացման ուղղությամբ: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունենք աննախադեպ համագործակցություն, բոլոր հարցերը քննարկվում են բաց ու հանգիստ մթնոլորտում: Աշխատանքը տալիս է իր արդյունքները»:

Հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվեցին խնդիրներ՝ կապված «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ: Ըստ Արթուր Իշխանյանի՝ անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան խմբագրում, որը հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին ժամանակին կատարել գնումները:

Եզրափակելով հանդիպումը՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները պետք է լինեն շարունակական. «Ազգային ժողով, կառավարություն, գիտական ինստիտուտներ համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկար ունի: Այս հանդիպումը համարենք առաջին քայլն ու շարժվենք առաջ»:

Նմանատիպ նյութեր