Կայացել է հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի մասին գրքի շնորհանդեսը
ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացել է մարզական լրագրող Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Аркадий Андреасян. «Королевская булавка «Арарата»» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, լեգենդար Արկադի Անդրիասյանի կյանքի և գործունեության մասին:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Սերգեյ Պողոսյանը, Նորիկ Մեսրոպյանը և այլք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Գրիգորյանին, կարևորել է նմանօրինակ գրքերի հրատարակումը. «Սա իսկապես շատ մեծ նվեր է մեզ համար, քանի որ նվիրված է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենավառ աստղերից մեկին: Մեզ պետք են այսպիսի գրքեր, պետք է ունենալ մարզական հերոսներ: Մեր երեխաները պետք է իմանան՝ ում են ուզում նմանվել, իսկ Արկադի Անդրիասյանն այդպիսի հերոս էր:
Ցավոք, Արկադի Անդրիասյանը մեզ հետ չէ, շատ շուտ հեռացավ կյանքից, բայց իր խաղը, իր վարպետությունն անջնջելի հետք են թողել նրանց հիշողության մեջ, ովքեր գոնե մեկ անգամ այն տեսել են կամ հիմա հնարավորություն ունեն տեսնելու համացանցում»:
Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ գրքի ստեղծման աշխատանքներով սկսել է զբաղվել դեռ 10 տարի առաջ. լեգենդար ֆուտբոլիստն ինքն է խնդրել դեռևս այն ավարտին չհասցնել, քանի որ ասելիք ունի ֆուտբոլում. «Գրքի ստեղծման հարցում ինձ շատ է օգնել լրագրող Դավիթ Պետրոսյանը՝ հեղինակելով գրքի գլուխներից մեկը, նաև ֆուտբոլային վիճակագիր Գագիկ Խանամիրյանը, իսկ հրատարակման գործում շատ մեծ օժանդակություն է ունեցել «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ինչի համար շատ շնորհակալություն եմ հայտնում նրան»:
ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը կարևորել է վետերան մարզիկներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը, առաջարկել է ֆուտբոլային դպրոցներից մեկն անվանակոչել Արկադի Անդրիասյանի պատվին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է այդ առաջարկն ու խոստացել ընթացք տալ այդ հարցին: