211652_close_icon
views-count1300 դիտում article-date 10:25 17-02-2022

Վտանգված են հայոց հուշարձանները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում եւ նրան հարակից հայոց պատմական այն տարածքներում, որոնք անցած դարի 20-ական թվականներին բռնակցվեցին Ադրբեջանին, շատ են հայկական՝ դարերի, հազարամյակների պատմություն ունեցող հուշարձանները: Ադրբեջանը, մեր տարածքներին վերջնական տեր դառնալու մոլուցքով համակված, ջանում է առաջին հերթին վերացնել հայոց հետքը: Սակայն դա հնարավոր չէ, ուստի ադրբեջանական իշխանությունները գործում են 2 ուղղությամբ՝ հնարավորինս վերացնել հուշարձանները, երկրորդը՝ դրանք սեփականացնել: Դեռեւս խորհրդային տարիներին Արցախի հայկական վանքերն ու եկեղեցիները, նշանավոր խաչքարերն ու այլ ազգային ժառանգությունն ադրբեջանցիները համարում էին աղվանական: Վերջերս, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր երկրի մի մասը դարձյալ մնաց գերության մեջ, եւ որտեղ շատ են հայոց մասին պատմող դարավոր կոթողները, դրանք առավել վայրենի եւ արդեն բացարձակապես ցինիկ ձեւով են ոչնչացվում կամ աղվանացվում:

Փետրվարի 3-ին ադրբեջանական եւ միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեւավորել է «աղվանական պատմության եւ ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Այս ամենի դեմն առնելու նպատակով երեկ Երեւանում՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կայացավ բողոքի ակցիա: Մասնակիցների ձեռքին կային հայկական մշակութային ժառանգության կոթողների լուսանկարներ եւ պաստառներ՝ «Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը», «Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջեւանի մշակութային ցեղասպանության համար» եւ այլն։

Երեւանում գործող 10-ից ավելի հասարակական կառույցների կողմից հարցին անդրադարձավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը: Մշակութային ցեղասպանությունը դատապարտող ելույթներ ունեցան նաեւ Հադրութից, Քաշաթաղից տեղահանվածներ, ովքեր ծանոթ են՝ տարածքում ինչքան պատմական հուշարձան կա: Գ. Աբրահամյանը տեղեկացրեց՝ նախատեսված է հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Նպատակն է մեկ անգամ եւս դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ եւ դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր