211652_close_icon
views-count95821 դիտում article-date 18:38 14-02-2022

Արտակարգ դեպք Երևանում. 11-ամյա տղայի կյանքը, ում ձեռքի մեջ պայթել էր հրավառության պայթուցիկ սարքը, հնարավոր է եղել փրկել պարեկների ու բժիշկների շնորհիվ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երբ ստեղծվում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գունդը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը պարեկների հետ հանդիպմանը թիվ 1  խնդիր են դրել, որ նրանք առաջին հերթին քաղաքացիների նկատմամբ ցուցաբերեն մարդկային մոտեցում և միշտ հաշվի առնեն, որ ուրիշի ցավ չկա և պետք է  միշտ հոգածություն ցուցաբերել  օգնության կարիք ունեցող երեխաների, տարեցների նկատմամբ:

Ի ուրախություն՝ այդ հորդորները  ի կատար են ածվում: Վերջին ամիսներին  պարեկային ծառայության պարեկների, հրշեջ-փրկարարների,  այդ թվում՝  փրկարարների, հոգեբան փրկարարների, շտապօգնության  բժիշկ և բժշկուհիների, հիվանդանոցային համալիրների բուժանձնակազմի կողմից բազմաթիվ կյանքեր են փրկվել:

Շատ դեպքերում էլ հիվանդանոցում բժիշկները խոստովանել են, որ պարեկների կողմից տեղափոխված մարդկանց կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ ժամանակին են բերվել հիվանդանոց:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկոյան ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան  Երևանի գնդի1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել են, որպեսզի պարեկները իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իմանալով, թե ինչն է պատճառը, վաշտի հրամանատար Հ. Գրիգորյանն ու ավագ պարեկ Վ. Գևորգյանը այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց հերթին հրաշք են գործում բժիշկները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա պայթուցիկ հրավառության սարք է  անզգուշությամբ  պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն  ամբողջովին   լուրջ վնասվել է, որից  հետո երեխայի ծնողները փորձել են երեխային տեղափոխել հիվանդանոց, սակայն, քանի որ  ամեն մի վայրկյանը թանկ էր, ծնողները դիմել են պարեկների օգնությանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է  ունեցել  Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր