Հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը դարձավ 93 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 93 –ամյակը:
Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր: Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ - ում և աշխարհում:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է , ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում :
Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը : Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին :
Նրա համար կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է, փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը, հայ քաջարի զինվոր պատրաստելը :
Ծնունդդ շնորհավոր , Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ: Մաղթում ենք քաջառողջություն, երկարակեցություն, երջանկություն:
Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ: