211652_close_icon
views-count2666 դիտում article-date 22:33 24-01-2022

Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոնները պարգևատրվեցին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը;

Հայաստանի տղամարդկանց առաջնության 2022 թվականի չեմպիոն էր հռչակվել Մանուել Պետրոսյանը, իսկ կանանց առաջնության չեմպիոնը 17-ամյա Մարիամ Մկրտչյանն է: Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով և դրամական պարգևներով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում մասնավորապես նշել է․

«Հերթական անգամ հասկացանք, որ շախմատն իսկապես մեր ազգային մարզաձևն է: Կայացան շատ հետաքրքիր պարտիաներ և հաղթեցին ուժեղագույնները, թեև մյուսներն էլ վատ չխաղացին: Ամենաուրախալին այդ մրցակցությունն է և մրցակցությունից ծնվող ուժը: Միայն մրցակցության պարագայում մենք ժամանակի ընթացքում կունենանք ավելի ուժեղ շախմատիստներ: Հակառակ դեպքում, աճ չի լինի»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հաջողություն է մաղթել մեր թիմին այս տարվա ամենակարևոր մրցմանը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադային, որը կկայանա առաջիկա ամռանը Մոսկվայում:

Սմբատ Լպուտյանն էլ ընդգծել է՝ իրենց սպասելիքներն իրականացել են և առաջնությունն իսկապես շատ հետաքրքիր է ստացվել։

Հիշեցնենք՝ Հայաստանի առաջնության արդյունքներով ձևավորվել են Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։

Նմանատիպ նյութեր