211652_close_icon
views-count1028 դիտում article-date 23:42 19-01-2022

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուին է հանձնել իր հավատարմագրերը: Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Ընդգծելով Հայաստանի ու Հունաստանի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ իր գործունեության արդյունքում հայ-հունական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի` նպաստելով երկու եղբայրական ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների, սկզբունքների և եղբայրական կապերի վրա, որոնք վեր են բոլոր տեսակի այլ շփումներից։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ իր գործունեության առանցքում լինելու են ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, այլ նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում առկա մեծ ներուժի կիրառումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

Նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հաջողություններ է մաղթել դեսպան Մկրտչյանին Հունաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում և արտահայտել իր աջակցությունն այդ առաքելությանը: Հունաստանի նախագահը նաև շնորհավորել է հունվարի 20-ին լրացող Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Նմանատիպ նյութեր