211652_close_icon
views-count40176 դիտում article-date 14:00 19-01-2022

Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Mitsubishi Colt–ն ու 06-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են  Այգեպատ գյուղի բնակիչ,  35-ամյա Վահան Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ս.-ի վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2  վարորդներն ու Վահան  Հ.-ի ուղևոր,  Այգեպատ գյուղի բնակիչ, 28-ամյա Լիաննա Հ.-ն և Տիգրան Ս.-ի ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ժենյա Ի.-ն, 5-ամյա Աննա Ի.-ն, 5-ամյա Արթուր Ս.-ն տեղափոխվել են՝ մի մասը՝  «Էրեբունի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վաչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ  Կարեն Ստեփանյանը,  ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր և սահմանազատել տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վոարորդները  ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Վթարի փաստով տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ՃՈ ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր