211652_close_icon
views-count17066 դիտում article-date 12:22 19-01-2022

Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը խանութներում առանձին դարակաշարերում կտեղադրվի․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կաթնամթերքում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող ապրանքները խանութներում տեղադրել առանձին դարակաշարերում և ընթեռնելի հատուկ նշումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ ներկայումս կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ կաթնային յուղի  տոկոսային հարաբերություններով պայմանավորված առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ:

Ըստ Քերոբյանի՝ համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ կաթնային յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձեւով ներկայացնելու եւ տարբերակելու համար:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է նշված օրենսդրական փաթեթը՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով»,- եզրափակեց Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր