211652_close_icon
views-count1411 դիտում article-date 11:38 13-01-2022

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի եթերը «փակ» է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, ադրբեջանական անօրինականությունների մասին ՄԻՊ հայտարությունների համար․ Թաթոյան

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։

«2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ (https://ombuds.am/am/site/ViewNews/2067):

Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել:

Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքներից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն:

Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին:

Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են:

Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ:

Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը:

Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ:

Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։

Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն:

Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին:

Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»:

Նմանատիպ նյութեր