211652_close_icon
views-count1936 դիտում article-date 11:42 12-01-2022

ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունից՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։

«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխանում։

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15- սահմաններում,   ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին   Շորժայի   հատվածում   տեղակայված   հայկական մարտական   դիրքերի ուղղությամբ, ինչի   հետևանքով մեկ զինծառայող միջին   ծանրության հրազենային   վիրավորում էր ստացել։

Նմանատիպ նյութեր