211652_close_icon
views-count111926 դիտում article-date 09:44 12-01-2022

Կրակոց Երևանում գործող գարեջրատներից մեկում. մատուցողուհին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Ուջանցի Հարութիկն» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց  է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  Երևանի 103 շտապօգնության բժիշկների  21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ  Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաեն վարչական շրջնների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռ. Սադարյանի, բաժնի պետի տեղակալ Մախմուդյանի, ավագ քննիչ  Ժ. Սարգսյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են  1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում  պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած  անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր