211652_close_icon
views-count4999 դիտում article-date 20:54 11-01-2022

Արագածոտնի մարզի Բերքառատի միջնակարգ դպրոցում հիմնադրվեց Արցախյան պատերազմի հերոս Գևորգ Ասատրյանի անվան դասարան

Արագածոտնի մարզի բերքառատցի դպրոցականներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով իրենց հայրենակից, հայրենանվեր ու քաջարի մարտիկ Գևորգ Հրաչի Ասատրյանի հերոսական կերպարով։

Այսօր Բերքառատի միջնակարգ դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած Գևորգ Ասատրյանի (ծնվ. 2000թ.) անվան դասարան։ Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Լիլիթ Նիկոյանը, հերոսի ծնողները, հարազատներն ու համերկրացիները։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որը հաջորդեց դասարանի անվանակոչման արարողությանը։ Մարզպետ, զինվորականի երկար ուղի անցած  Ռազմիկ Պետրոսյանն իր ելույթում ներկաներին կոչ արեց Գևորգի ու  հանուն հայրենյաց նահատակված բոլոր քաջերի անունները  հպարտորեն արտասանել, որովհետև նրանցից յուրաքանչյուրը  կերտել  է մի հերոսապատում, որով պիտի ոգեշնչվենք, ապրելու և արարելու կենսատու ուժ ստանանք։

Մարզպետն իր անունից պատվոգիրը հանձնեց Գևորգի ծնողներին, երախտագիտություն հայտնեց հերոսածին մորը։  

Հաջորդիվ դպրոցականները հանդես եկան ռազմահայրենասիրական ասմունքով, երգ ու պարով՝ վստահեցնելով, որ նրանք թեև փոքր են, բայց գիտակցում են, որ  իրենց ավագ եղբայրների ու պապերի ժառանգած հայրենիքի տերն ու պաշտպանն են։ 

Ներկայացվեց Գևորգի կենսագրությունը․Արագած աշխարհի նվիրյալ հայորդին  ապրեց կարճ, բայց բովանդակալից կյանք, նա մատաղ սերնդին ժառանգեց անկախ հայրենիք, որի գինը կյանք է արժեցել։

Ապրեցնող է մեր հերոսների ոգին, նրանք կենդանի են և ամեն պահ ու վայրկյան մեզ հիշեցնելու են անկախ հայրենիքում ապրելու, հայրենիքը սիրելու, կրծքով պաշտպանելու պատգամը։

Գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հիշատակի  առաջ, հավերժ փառք․․․
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր