211652_close_icon
views-count1297 դիտում article-date 14:54 11-01-2022

«Եթե մեծամասնություն չունեն, պետք է հասկանան՝ համայնքի ամեն օրը փչացնում են»․ Թալինում «Զարթոնք» խմբակցության ղեկավար

Համայնքի ղեկավարը պետք է ունենա ավագանու կազմի մեծամասնության աջակցությունը, հակառակ դեպքում չի կարող իր աշխատանքն իրականացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալինի համայնքի «Զարթոնք» խմբակցության ղեկավար Մնացական Մնացականյանը։

«Նիստերը համարում ենք անօրինական, այդ իսկ պատճառով չենք ներկայացել նիստին։ Կա պարզ թվաբանություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 10 մանդատ, իսկ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունները միասին ունեն 11 մանդատ։ Համայնքի ղեկավարը պետք է ունենա մեծամասնություն, որ կարողանա ղեկավարել ավագանու կազմը։ Զոռով, մարդկանց ահաբեկելով հնարավոր չէ հինգ տարի աշխատել։ Եթե մեծամասնություն չունեն, ուրեմն՝ պետք է հասկանան, որ համայնքի ամեն օրը փչացնում են, որովհետև համայնքի համար որևէ աշխատանք չեն կարողանում իրականացնել։ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանությունն ասում էր՝ եթե համայնքի ղեկավարը մեծամասնություն չունի, ո՞նց է համայնքը ղեկավարելու, հիմա, եթե Թալինի համայնքապետը մեծամասնություն չունի, ո՞նց է համայնք ղեկավարելու»,- նշեց նա։

Մնացականյանի խոսքով՝ իրենց պահանջն է, որ ամեն ինչ օրինական ընթացք ունենա։

«Եթե մարդիկ հասկանում են, որ մեծամասնություն չունեն, թող անիմաստ մարդկանց չքաշքշեն։ Ժողովուրդը կրակը չի ընկել, որ մի քանի հոգու խառնեն իրար, բյուջեին էլ վնաս տան»,- նշեց Մնացական Մնացականյանը։

Մնացականյանը բացառեց, որ իրենք հնարավոր է ինքնաբացարկի դիմում ներկայացնեն։

«Մարդիկ հենց այնպես մեզ ձայն չեն տվել, տվել են, որ իրենց մատից փուշ հանենք։ Սա շատ սխալ մեթոդ եմ համարում, թուլակամ մարդու քայլ է մանդատ վայր դնելը»,- ասաց Մնացականյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալինում ավագանու երկրորդ նիստն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, չի կայացել, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները չեն ներկայացել։

Նմանատիպ նյութեր