211652_close_icon
views-count2298 դիտում article-date 15:13 07-01-2022

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի  և Հայաստանի  տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ հունվարի 5-ին  ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։

Անկախ եղանակային պայմաններից՝  այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.

Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը,

Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը, 

Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 97,3 %-ը,

Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման - 98 %-ը,

Հիմնական պատվարի մարմնի կառուցման -66,0 %-ը,

Փոքր պատվարի մարմնի կառուցման -46․2 %-ը։

Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝  աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմնաված ժամկետներին։

«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում`  տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն. եվրո։  Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 30.12.2021թ. դրությամբ կազմում է 69,5 մլն Եվրո (77.0 %)։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր