211652_close_icon
views-count1653 դիտում article-date 18:01 29-12-2021

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ-կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր մայրաքաղաք Ստեփանակերտում։

Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։

Անդրադառնալով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր առավելագույնն է անում բնակարանային ապահովության հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքով և այլ սոցիալական երաշխիքներով ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում երկրի ղեկավարն ընգծել է, որ, իր հանձնարարականի համաձայն, Արցախի Հանրապետության բոլոր կառույցներում կադրային քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է լինելու աշխատանքի ընդունելիս տեղահանված քաղաքացիներին առաջնահերթություն տալը։

Նմանատիպ նյութեր