211652_close_icon
views-count3731 դիտում article-date 23:30 24-12-2021

Նիկոլ Փաշինյանն անտեսեց «Առավոտի» հարցը. այն առցանց ասուլիսի ընթացքում այդպես էլ չհնչեց. Aravot.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ընթացքում «Առավոտի» հարցն անտեսվեց:

Նիկոլ Փաշինյանին հարցերը հղում էին փունջ-փունջ՝ ըստ թեմատիկայի միավորելով տարբեր լրատվամիջոցների կողմից ուղարկված հարցերը: Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի շարքում սպասում էինք, որ կհնչի նաև «Առավոտի» կողմից ուղարկված հարցը, սակայն դա տեղի չունեցավ: Տեղեկացնենք՝ Նիկոլ Փաշինյանին հղել էինք այս հարցը. «Պարո′ն Փաշինյան, Դուք՝ որպես լրագրող և խմբագիր կփաստեք՝ լրագրողի հարցը չպետք է ենթադրի «այո» կամ «ոչ» պատասխան, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ Ձեր նախորդ հրապարակային հայտարարությունները՝ թույլ տվեք հարցնել՝ Դուք իսկապե՞ս չգիտեք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են մեզ ոչնչացնել, թե՝ ոչ: Ի՞նչ է հարկավոր, որպեսզի պատերազմից հետո՝ տարածաշրջանային զարգացումների ներկայիս փուլում, այդ հարցի պատասխանը Դուք՝ որպես երկրի ղեկավար վերջապես ստանաք: Առավել ևս, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ընթացքում «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցում, Դուք ինքներդ էիք հայտարարել, որ 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը»: Հավելենք, որ ՀՀ կառավարությունից նախապես լրատվամիջոցներին  մի քանի նախապայմաններ էին ներկայացվել, որպեսզի նրանց հարցերն ընդունվեն և ասուլիսի ընթացքում հնչեցվեն: Այդ նախապայմաններից էր, օրինակ, որ հարցը պետք է ուղարկված լինի լրատվամիջոցի պաշտոնական ձևանմուշով՝ նշելով լրագրողի անունը և ազգանունը, յուրաքանչյուր լրատվամիջոց մեկից ավելի հարց տալու իրավունք չուներ և այլն: Այս բոլոր պայմաններին բավարարել էինք, ուստի այդպես էլ անհասկանալի է մնում, թե ի՞նչ նպատակ ուներ «Առավոտի» հարցն անտեսելը:
 

Նմանատիպ նյութեր