211652_close_icon
views-count11703 դիտում article-date 16:42 23-12-2021

Աստված ինձ խղճաց, ու ես մայրացա. 44-օրյա պատերազմում որդի կորցրած Ղազարյանները աղջիկ են ունեցել

«Մեր հրեշտակն է Անգելինաս»: Պատերազմում զոհված 19-ամյա Արման Ղազարյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում միաժամանակ արտահայտում է և՛ ուրախությունը, և՛ ցավը: Որդուն հայրենիքին նվիրած Ղազարյանների ընտանիքը 9 ամիս առաջ իր մեջ ուժ գտավ և որոշեց կրկին երեխա ունենալ: 3 կգ, 300 գրամ ապրելու իմաստը՝ Անգելինան, ծնվել է դեկտեմբերի 21-ին:

«Տղայիս մահից հետո ասում էի՝ մայրանալու եմ: Ուժ հավաքեցի մեջս: Աստված ուժ տվեց, որ ես չխելագարվեմ: Չէի տարանջատում ու ասում՝ տղա եմ ունենալու: Չէ՛: Պարզապես ուզում էի, որ տունս նորից կյանքով լցվեր, հիմա մի քիչ լուսավորվել է: Աստված ինձ խղճաց, ու ես մայրացա: Անգելինան շատ է նման Արմանին, նույն դիմագծերն ունի, ինչ նա: Ասես նրա մեջ գտել եմ եղբորը: Առաջին անգամ էլ, երբ գրկեցի, զգացի, որ Արմանին եմ գրկում»,- ասում է Արմինե Ղազարյանը:

Անգելինան Արմանին նման է, սակայն Արմանի բացը չի լրացնի, նկատում է մայրը. «Որ մատդ էլ կտրես, կցավի ու կմռմռա»:

Տիկին Արմինեն կրկին մայրանալու լուրը առաջինը զոհված տղային է հայտնել. «Արմանը Ուրցաձորի գերեզմանատանն է թաղված: Ես դեմ եղա, որ «Եռաբլուր»-ում հուղարկավորեն, որովհետև մարզում ենք բնակվում, Երևան գնալ-գալը դժվար կլիներ: Որպեսզի կարողանանք անընդհատ տղայիս մոտ լինել, մեր որոշմամբ գյուղում հուղարկավորվեց: Այդ օրն էլ, երբ իմացա՝ կրկին մայր եմ դառնալու, Արմանի փոքր քրոջ՝ 19-ամյա աղջկաս ու ամուսնուս հետ գնացինք նրա մոտ՝ լավ լուրը հայտնելու»,- պատմում է մայրը:

Նորածին աղջկան Ղազարյաններն Անգելինա են անվանել՝ դրանով նաև իրականացնելով Արմանի երազանքը: Նա մինչ բանակ գնալն անընդհատ ասել է՝ երկու աղջիկ է ուզում ունենալ, մեկին մոր պատվին անվանել Արմինե, մյուսին՝ Անգելինա: Մայրն ասում է՝ եթե Աստված կամենա, նաև տղա երեխա կունենան. Արմանը պետք է վերածնվի. «Ուզում եմ, որ Արմանիս անունը մեր տան մեջ միշտ հնչի: Աստված եթե կամենա, ես լույս աշխարհ կբերեմ, եթե ոչ, Անգելինաս լույս աշխարհ կբերի իր եղբորը՝ Արմանիս»:

Արման Արսենի Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի դեկտեմբերի 20-ին: Մայրն ասում է՝ պետք է բանակ գնար այդ տարվա հունվարի 16-ին, բայց դիմել է և իր կամքով շուտ զորակոչվել ծառայության: Ծառայել է Արցախի Մատաղիսի շրջանում: Ընտանիքը նրան վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին՝ երդմնակալության օրը. «Տեսազանգերով միշտ խոսել ենք հետը, բայց տղայիս ֆիզիկական ներկայությունը վերջին անգամ այդ օրն եմ զգացել: Կորոնավիրուսի պատճառով չկարողացավ գալ արձակուրդ, մեզ էլ թույլ չէին տալիս իրեն տեսակցել, այդպես էլ տղայիս կարոտ մնացի»:

19-ամյա զինծառայողի հետ ծնողները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 26-ին, երբ Արմանը զանգահարել և հորն ասել է՝ մայրիկին ու քույրիկին լավ կնայես, հայրիկ, մինչև Աստծո կամքով ես հետ վերադառնամ: Սեպտեմբերի 27-ից ծնողները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել, իսկ տղայի զոհվելու լուրն իմացել են դեկտեմբերի 21-ին, երբ ԴՆԹ հետազոտության արդյունքների պատասխանները եկել են, և պարզվել է, որ Արմանը դիահերձարաններից մեկում է:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր