211652_close_icon
views-count5373 դիտում article-date 18:38 21-12-2021

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է անցնող տարում ծանրորդների գրանցած արդյունքներից:

«Այս տարի, ինչպես միշտ, ծանրամարտը հայկական սպորտի գագաթնակետում է: Հայաստանն ընդհանուր 185 մեդալ է նվաճել, որոնցից 97-ը նվաճել են ծանրորդները` մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Օլիմպիական խաղերին: Դրանից էլ բխում է գնահատականը, որ պետք է տանք ֆեդերացիայի աշխատանքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը:

Վերջինս շեշտեց, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մարզաձևի նոր քաշային կարգերը, որոնք նաև Օլիմպիական խաղերում են լինելու` դրանք են` 61, 73, 89, 102 եւ +102 կգ:

«Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ լավագույն մարզիկների թեկնածուների ցանկում 7 ծանրորդ է առաջադրված, որոնցից, գուցե, միայն 3 կլինեն տասնյակում: Իսկ ինչ վերաբերվում է աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթներին, ես գոհ եմ նրանցից, քանի որ նրանք մեր ազգին ադրենալին տվեցին այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև հայտնեց, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ հանդես կգա գերծանր քաշային կարգում:

Նմանատիպ նյութեր