211652_close_icon
views-count691 դիտում article-date 11:07 15-03-2026

Ոսկե մեդալ՝ գերծանր քաշային կարգում. Արամայիս Հարությունյանը Եվրոպայի Մ-23 չեմպիոն է

Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին ոսկե մեդալը: 130 կգ քաշային կարգում փայլուն ելույթներ ունեցավ և մայրցամաքի չեմպիոնի կոչմանն արժանացավ Արամայիս Հարությունյանը:

Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը բավականին լուրջ տիտղոսակիր էր՝ Մ-20 տարիքայինների աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի ոսկե մեդալակիր, հունգարացի Լաշլո Դարաբոշը:

Չափազանց համառ ու դիտարժան պայքարում գրանցվեց 1:1 հաշիվը, սակայն լրացուցիչ ցուցանիշների (վերջին արդյունավետ գործողության) շնորհիվ հաղթանակը շնորհվեց Արամայիս Հարությունյանին: Հատկանշական է, որ սա մեր գերծանր քաշային ըմբիշի կարիերայի առաջին միջազգային մեդալն էր, և այն միանգամից ոսկե ստացվեց:

Դեպի եզրափակիչ տանող ճանապարհը ևս տպավորիչ էր. մրցաշարի ընթացքում Հարությունյանը վստահաբար պայքարից դուրս էր թողել ավստրիացի Լեոնարդ Յունգերին (5:0), Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մելեխովին (4:1) և ուկրաինացի Իվան Յանկովսկուն (6:0):

Այսպիսով, ընթացիկ ստուգատեսում Հայաստանի երիտասարդական հավաքականի մեդալների քանակը հասավ երեքի՝ մեկ ոսկի, մեկ արծաթ և մեկ բրոնզ:

Armsport

 

Նմանատիպ նյութեր