211652_close_icon
views-count3015 դիտում article-date 16:07 18-12-2021

Մեզ հնարավոր չէ կանգնեցնել, մենք ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանությունից․ Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

2018 թվականին ՀՀ–ում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով մեր պետությունը ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ ծանր իրավիճակում և այս աղետալի վիճակից դուրս գալու համար պետք է հաղթահարվեն չափազանց բարդ մարտահրավերներ։ Այս մասին այսօր ՀՀԿ 17–րդ համագումարին ասաց Դավիթ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը։

«Այսօր իշխանությունները հետևողականորեն իմաստազրկում և ոչնչացնում են պետական ինստիտուտները, պետությունը զրկել են միջազգային հարաբերություններում որևէ դերակատարություն ունենալու հնարավորությունից, դարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի խամաճիկ, հետևողականորեն կատարում են դրա բոլոր ցանկությունները՝ վտանգելով ոչ միայն Արցախի ապագան, այլ նաև Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը»,–ասաց նա։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ անկախության 30 տարվա ընթացքում մենք հաղթահարել ենք լուրջ մարտահրավերներ, սակայն նման ծայրահեղ իրավիճակում չենք եղել։ Ըստ նրա՝ այդ իրավիճակից բխող բարդ քաղաքական մարտահրավերների հաղթահարման համար պահանջվում են նոր որակի քաղաքական ուժեր, որոնք ունակ են առաջարկելու նոր որակի մարտավարություն և ոչ ստանդարտ լուծումներ։

Նա նշեց, որ կուսակցությունն այսօր ընդդիմություն է, որը ենթարկում է տոտալիտար  իշխանության կոշտ սահմանափակումների, ապօրինի հետապնդումների և կոպիտ բռնաճնշումների։ «Սակայն  մեզ հնարավոր չէ կանգնեցնել այդ մեթոդներով, մենք շարունակելու և ուժեղացնելու ենք մեր պայքարը՝ հեռացնելու համար երկիրը կործանման տանող արկածախնդիր իշխանությունից և ապահովել նոր որակի արդյունավետ իշխանություն»,–ասաց նա։

Դրա ելքը Դավիթ Հարությունյանը համարեց կուսակցության գործունեության արդյունավետության կտրուկ բարելավումը,  կազմակերպչական կարողությունների վերանայման, կուսակցության անդամների և կազմակերպությունների դերակատարության մեծացումը։ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նորացված կանոնադրությունը և փոփոխությունները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր