211652_close_icon
views-count1435 դիտում article-date 10:39 03-12-2021

Երբ խոսվում է «արտաքին ուժերի» և «որոշակի նպատակների» մասին, պետք է հստակեցվի՝ որ ուժերի մասին է խոսքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսում: Չեմ անդրադառնա ամբողջ ելույթին, որտեղ կային նաեւ տեղին արված շեշտադրումներ:

Առանձնացնեմ մի միտք, որին պիտի հակադարձեմ՝ ոչ թե ինչ-որ մեկին քննադատելու եւ արդարացնելու համար, այլ մեթոդաբանական սխալը ցույց տալու նպատակով՝ սխալ, որն, իմ կարծիքով, գործում են շատերը թե՛ կենցաղային, թե՛ ակադեմիական եւ թե՛ գործնական քաղաքական մակարդակով: Վերջին մակարդակն ուղղակի կապ ունի հայաստանյան «նախկինների» մտածելակերպի հետ:

Իր ելույթում Սարգսյանը նշում է, որ «արտաքին ուժերը» «երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց (այսինքն՝ «ներկաներին») իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով»: Հավանաբար, խոսքը ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփի՝ դեռեւս 1970-ական թվականներին մշակած «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների մասին է: Որ նման տեխնոլոգիաներ կիրառվել են՝ կասկածից վեր է: Որ Փաշինյանի ղեկավարած շարժումն ունեցել է նման խորհրդատուներ (որոնք կարող էին, ի դեպ, լինել ցանկացած երկրի քաղաքացի՝ նաեւ ռուսներ)՝ դրանում ես նույնպես վստահ եմ: Առաջին անգամ ես դա զգացի «ՊՊԾ գնդի գրավման» օրերին, երբ Փաշինյանն անցկացնում էր «բաց ձեռքերի» հանրահավաքներ: Բայց այդ ամենի ազդեցությունն իրադարձությունների վրա, իմ կարծիքով, 2-3 տոկոս է: Եկեք մտավոր փորձ կատարենք եւ ենթադրենք, որ հիմա ՀՀԿ-ն կվարձի նման կամ անգամ ավելի որակյալ մասնագետներ ու փորձի հեղափոխություն անել: Կստացվի՞:

Նախ՝ երբ խոսվում է «արտաքին ուժերի» եւ «որոշակի նպատակների» մասին, պետք է հստակեցվի՝ որ ուժերի մասին է խոսքը՝ ԱՄՆ-ի՞, ԵՄ-ի երկրների՞, Ռուսաստանի՞, Թուրքիայի՞, Ադրբեջանի՞: Դա լուրջ ապացույցների կարիք ունի՝ ապացուցել կարելի է միայն փաստեր նշելով, եւ ոչ թե այսօրվա իրավիճակից դեպի ենթադրական պատճառները «ռեդուկցիա» կատարելով: Այլ կերպ ասած, «ովքե՞ր են շահել» հարցը չի կարելի փոխարինել «ի՞նչն էր պատճառը» հարցով: 

Սակայն, եթե անգամ նման փաստեր կան, միեւնույն է՝ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած, նույնիսկ մեզ նման փոքր եւ աղքատ երկրում կարեւոր իրադարձությունները տեղի են ունենում գերազանցապես ՆԵՐՔԻՆ, ոչ թե արտաքին պատճառներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր