211652_close_icon
views-count1602 դիտում article-date 11:56 01-12-2021

Մեծանուն արվեստագետի հոբելյանը սիրված կրթօջախում. Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրիգոր Խանջյանի 95 ամյակին նվիրված ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք սիրված անվանի հայ մտավորական, նկարիչ, գեղանկարիչ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ  Երևանի պատվավոր քաղաքացիՍուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի մասին։Ծնվել է 1926 թվականին Երևանում։ 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951 թվականներ), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956 թվական), «Երևանի կառուցողները» (1960 թվական) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962 թվական, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956 թվական), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958 թվական), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970 թվական), «Սասունցիների պարը» (1975 թվական) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965 թվականներ) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977 թվական), «Հայոց այբուբեն» (1981 թվական), «Վարդանանք» (1983 թվական) և «Վերածնված Հայաստան» (1994 թվական) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցին՝ այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։

Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։ Այն կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» խորհուրդը։ Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար Վարդան Մամիկոնյանը՝ աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող։ Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ։ Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող Ղևոնդ Երեցի ֆիգուրը։ Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75 X 5,5 մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել։

Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով։ Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով՝ շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով։ Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ։ Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և Փիթսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը։ Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր» , «Արարատ», «Եկայք՝ շինեսցուք» և այլ գրքերի համար։ Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։ Նույն կարգի գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար։Եվ ահա այս տարի լրանում է նրա ծննդյան 95-րդ տարելիցը:

Կապված սրա հետ մեր երկրում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝մեծարելու նրա հոբելանը: Այս միջոցառումների շրջանակում սույն թվականի նոյեմբերի 30-ին  Հայաստանի Ազգային Գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում բացվեց գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։

Բացելով միջոցառումն ու ներկայացնելով սիրված մտավորականին   Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի վարիչ Աննա Օնանյանն իր խոսքում նշեց.-Խանջյանը հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում. ստեղծել է թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին, ինչպես օրինակ «Սևանի ձկնորսները», «Մթնշաղ», «Արևածաղիկներ», «Հացը լեռներում» և այլ գործերում»: ։ - Նրա գրաֆիկական շարքերին «Իտալական տպավորություններ», «Իսպանիա», «Հիշողություններ Մեքսիկայից», և այլն, բնորոշ են լույսի ու ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը: Նկարչի բնանկարները երբեմն մոնումենտալ են, երբեմն՝ համակված քնարական տրամադրությամբ, ինչպես օրինակ «Արա լեռը», «Գառնի», «Ձկնորսական նավակը»,- հավելեց բանախոսը։

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումը 1958թ., թերևս համարվում է նկարչի գրաֆիկական բացահայտումների գլխագիծը: Տասներկու առանձին թերթերը, որոնք շարունակաբար հաջորդում են միմյանց, շեշտադրվում են մասսայական տեսաններով` «Ճակատամարտ վանքում», «Ռուսական զորքի մուտքը Երևան», «Աղասու թաղումը», «Բարեկենդան», «Գաղթ», «Աղասու երդումը», «Աղասու հոր մահը» և այլն:

Սրան հաջորդում է Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումը, որին նկարիչը ձեռնամուխ է լինում 1963 թվականին և 1969 թ. այս պոեմի համար արված նկարազարդումներն արժանանում են ՍՍՀՄ պետական մրցանակի:Ցավոք մեծանուն արվեստագետը վախճանվեց 2000 թվականին Երևանում:Հուսանք,որ նրա գործունեությունը կշարունակի ներկայիս սերունդը՝համայն աշխարհին ներկայացնելով ու տարածելով հայ բազմադարյան մշակույթը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր