211652_close_icon
views-count1303 դիտում article-date 17:37 25-11-2021

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությունն անչափ կարևոր քայլ է. ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան

Նոյեմբերի 24-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը՝ ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ անչափ կարևոր քայլ է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությունը, որն արդյունք է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված և նպատակային գործունեության: Նա շնորհակալություն հայտնեց գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ Եվրոպական հանձնաժողովին, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Հայաստանի պատասխանատու գերատեսչություններին՝ գործընթացին ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

«2016 թվականից Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունները հնարավորություն են ունեցել մասնակցել նաև նախորդ «Հորիզոն 2020» ծրագրին և գոհունակությամբ պետք է նշեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերել: Համոզված եմ, որ ասոցացումը նոր՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին թույլ կտա օգտագործել  արդեն ձեռք բերված փորձն ավելի ակտիվ և նպատակային մասնակցություն ցուցաբերելու համար: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը շատ մրցակցային է, և պատշաճ մասնակցության համար հայաստանյան կազմակերպությունները պետք է իրականացնեն համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ, հագեցված լինեն համապատասխան բարձրակարգ սարքավորումներով, իրականացնեն ակտիվ միջազգային համագործակցություն` ունենալով առաջատար մասնագետներ:

Համոզված եմ, որ գիտության ոլորտում դրական միտումները և ֆինանսավորման նախատեսված զգալի բարձրացումը, նոր ծրագրերի իրականացումը, գիտանորարարական ոլորտի միջազգայնացմանն ուղղված քայլերը կարող են ապահովել դրական արդյունք և մասնակցության ավելի բարձր ցուցանիշներ», - ասաց Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը իր ելույթում ասաց. «Գիտությունը սահմաններ չի ճանաչում, և միջազգային համագործակցությունը գիտական քաղաքականության կարևոր ուղղություններից պետք է լինի։ Գիտությունների ազգային ակադեմիան մեծ կարևորություն է տալիս գիտության միջազգայնացմանը և միջազգային համագործակցությանը: «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացումից հետո ակադեմիան միացել է եվրոպական «Եվրաքսես» (Euraxess) նախաձեռնությանը և Ձեռնարկությունների եվրոպական ցանցին: «Եվրաքսես» Հայաստան նախագիծն ուղղված է միջազգային գիտատեխնոլոգիական համագործակցության խթանմանը և գիտնականների առաջխաղացմանը»:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության տնօրենի տեղակալ Սինե Ռացոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Միջոցառման նիստերի ընթացքում զեկույցներով հանդես եկան հայաստանյան և արտասահմանյան մասնագետները, որոնք ներկայացրեցին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման և միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. նոյեմբերի 12-ին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին, ինչպես նաև հանդես գալու որպես նախագծերի համակարգող: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ-ի համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է:

2019թ-ին ՀՀ ԳԱԱ-ն միացել է EURAXESS համաեվրոպական նախաձեռնությանը, որի շրջանակներում ստեղծվել է EURAXESS-Հայաստան պորտալը, որում ներգրավվել են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնը: EURAXESS ցանցը գիտնականներին մատուցում է տեղեկատվական և օժանդակ ծառայություններ, աջակցում է գիտնականների տեղաշարժին և կարիերայի զարգացմանը` միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնել գիտական համագործակցությունը անդամ երկրների և աշխարհի միջև:
25.11.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Նմանատիպ նյութեր