211652_close_icon
views-count8193 դիտում article-date 21:54 23-11-2021

Փաշինյանը ներկայացրեց ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը

  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի՝ արդեն 4-րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվում է 2021 թվականի մայիսի 12-ից հետո արված նախկին երեք առաջարկներից և ի՞նչ փուլում է այդ գործընթացն այդ պահին:

«Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը: «Ռուսաստանը փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել: Այս առումով ուզում եմ բարձր գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը»,- հայտարարեց վարչապետը:

Նա շեշտեց, որ դինամիկ գործընթաց է տեղի ունենում, կա տարվող դիվանագիտական աշխատանք, որը հրապարակայնացնելը կխաթարի ու կզրոյացնի ողջ գործընթացը: Փաշինյանը հավաստիացրեց, որ այդ ամենի շուրջ աշխատանք է տարվում ամենօրյա ռեժիմով:

«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այսպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ որտեղով է անցնելու սահմանը, և որ դա արվելու է տվյալ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա:

«Սահմանազատումն ու սահմանագծումն այնքան բարդ գործընթաց է… Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հայկական կողմը միլիմետրի ճշտությամբ գիտի Խորհրդային Հայաստանի՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում:

«Կարող է հնչել հարց և քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ն այդ տարածքով»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր