211652_close_icon
views-count1273 դիտում article-date 10:41 23-11-2021

Եթե ուզում ենք պետություն ունենալ, ապա պիտի կարողանանք իրականությանը նայել սառը հայացքով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչո՞ւ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը չանցկացրեց «բարենորոգումներ», որոնք պարտավորվել էր անել եւ հակառակը՝ կազմակերպեց հայերի արյունալի ջարդեր: «Որովհետեւ նա նենգ էր, արյունարբու եւ հանցագործ», – կպատասխանենք մենք եւ, բնականաբար, զուտ հուզական մակարդակով ճիշտ կլինենք: Սակայն քաղաքական մտածողությունը պահանջում է դրանից առաջ անցնել եւ հասկանալ, թե ինչն էր նրան հնարավորություն տվել այդկերպ վարվել: Սուլթանը տարբերակ ուներ գնալու հենց այդ ճանապարհով, որովհետեւ ստացել էր եվրոպական տերությունների աջակցությունը, իսկ այդ տերությունների համար Օսմանյան կայսրության ամրապնդումն այն ժամանակվա աշխարհաքաղաքական վիճակում շատ ավելի կարեւոր էր, քան հայերի կամ այլ ազգերի տառապանքները: Դա ցավալի է, գուցե նաեւ՝ ցինիկ է հնչում, բայց ես վստահ եմ, որ եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ապա պիտի կարողանանք իրականությանը նայել սառը հայացքով:

Ի՞նչն է Ռուսաստանի համար ավելի կարեւոր՝ քրիստոնեական համերաշխությո՞ւնը, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա հնարավորինս մեծ ազդեցության պահպանումը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, որը միլիարդավոր դոլարների գին ունի: Կարելի է հոգոց հանել՝ «ո՜վ, անիրավ աշխարհ», իսկ կարելի է սթափ նայել իրավիճակին: Ավելորդ չէ հիշել, որ դարեր առաջ Բյուզանդիան նույնպես հաճախ քրիստոնեական համերաշխություն չէր դրսեւորում Բագրատունյաց, իսկ այնուհետեւ Կիլիկյան թագավորությունների հանդեպ, որովհետեւ ուներ իր կայսրական շահերը: Իսկ պարսիկները, արաբները եւ մնացածները Հայաստանի վրա հարձակվելու ամենալավ հնարավորությունն ունեին հենց այն ժամանակ, երբ զգում էին, որ նախարարական տոհմերի միջեւ հակասություններ կան:

Ինչո՞ւ Ալիեւը հարձակվեց Արցախի վրա հենց 2020 թվականին: Իհարկե, մի շարք պատճառներով, որոնց շարքում առաջնահերթ էր, կարծում եմ, Հայաստանի ներքին վիճակը: Նա տեսավ, որ հեղափոխության արդյունքում հայաստանյան հասարակությունը պառակտված է, բաժանված է «սպիտակների» եւ «սեւերի», պետական ինստիտուտները, բանակը վարկաբեկված է եւ թուլացած: (Ի դեպ, դա, կարծում եմ, հեղափոխության պարտադիր հետեւանքը չէր, այդպիսին է այս իշխանությունների քաղաքականությունը): Նա նաեւ հաշվարկել էր, որ Փաշինյանը հնարավորություն կունենա պարտության մեղքը գցել «նախկինների» եւ բանակի վրա, եւ պարտությունից հետո մի քանի տարի մենք զբաղվելու ենք մեղավորների փնտրտուքով, որը մեզ նույնպես թուլացնում է:

Ներքին կյանքին, բնականաբար, նույնպես պետք է նայել սառը հայացքով: Եթե Փաշինյանը տարբերակ ունի շահագործելու մարդկանց էմոցիաները, միֆերը եւ անտեղյակությունը՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար, ապա ինչո՞ւ դա չպիտի անի: Աշխարհում շատ քիչ են քաղաքական գործիչները, որոնք նման հնարավորությունից չեն օգտվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր