ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝ լավ մեկնարկ: Նախարարը նշել է, որ այս փուլում խոսքը գնում է բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին:
Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝ պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկետներում ապահովելու համար:
Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011-ին Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի և դրա շրջանակում ստեղծված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում:
Անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով: