211652_close_icon
views-count1403 դիտում article-date 15:33 05-02-2016

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ: Հատկանշելով հայ-բելառուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: «Երկու մայրաքաղաքների հարաբերությունները գործնական դաշտ տեղափոխելու համար այսօր առկա են բոլոր նախադրյալները, ինչի վառ ապացույցը Երևանի և Մինսկի միջև քույրացման համաձայնագրի ստորագրման արդեն իսկ պատրաստ փաստաթղթի նախագիծն է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կստորագրենք: Համոզված եմ, պարոն դեսպան, որ Դուք ևս Ձեր գործուն աջակցությամբ մեծապես կնպաստեք Երևանի և Մինսկի միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը», - ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ դեսպանն իր հերթին նկատել է, որ երկու մայրաքաղաքների միջև ստորագրվելիք քույրացման համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկուստեք կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում: «Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացումը տեսնում եմ ամեն օր, արդեն իսկ բավարար են արձանագրելու, որ Երևանը դինամիկ զարգացող քաղաք է և մեծ ներուժ ունի փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք Երևանի և Մինսկի միջև գործընկերային հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ քույրացման համաձայնագրի ստորագրումով կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա նաև երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար»,- ընդգծել է Իգոր Նազարուկը:

Նմանատիպ նյութեր