211652_close_icon
views-count51771 դիտում article-date 21:26 08-11-2021

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. միկրոավտոբուսը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Վիրավորներից մեկին ձորից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր