211652_close_icon
views-count2751 դիտում article-date 10:37 06-11-2021

Վիրուսներն ու հակամարմինները․ հասարակության խնդիրներն ավելի լուրջ են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ մեր հասարակության խնդիրներն ավելի լուրջ են, ավելի խորքային, քան պարզապես այս կամ այն իշխանության հեռանալը կամ մնալը:

Այն հանգամանքը, որ թագավարակից մահացածների թվով մենք (բնակչության չափը հաշվի առնելով) առաջիններից մեկն ենք աշխարհում, իսկ պատվաստվածների թվով վերջինն ենք, չի կարող բացատրվել միայն իշխանության կամ ընդդիմության գործողություններով: Դա հասարակության խորը եւ շատ դժվար բուժելի հիվանդության դրսեւորում է: Ինչպես եւ ցանկացած այլ հիվանդության դեպքում պետք է հասկանալ, թե որտեղ եւ ինչպես են կարող «հակամարմիններ» ձեւավորվել:

Առաջներում, կարծում եմ, «հակամարմինները» երեւում էին: Ես դրանք տեսնում էի «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան» եւ այլ հասարակական շարժումների մեջ: Ես տեսնում էի կրթված, նորմալ աշխատանք ունեցող մարդկանց (հիմնականում՝ երիտասարդների), որոնք իրենց առաջ դրել էին ոչ թե ինչ-որ մեկին պատժելու, ինչ-որ մեկից վրեժ լուծելու, այլ իրապես նոր Հայաստան կառուցելու խնդիրը: Բնական է, որ այդ երիտասարդների մեծ մասը մասնակցում էր նաեւ 2018 թվականի հեղափոխությունը: Որտե՞ղ են հիմա այդ մարդիկ: 98 տոկոսը հեռացել է հասարակական ասպարեզից, 2 տոկոսը դարձել է պատգամավոր կամ չինովնիկ, եւ այսօր ՀՀԿ-ական չինովնիկներից եւ պատգամավորներից ոչնչով չի տարբերվում:

Հակամարմինները, հետեւաբար, հասարակական օրգանիզմից վերացան եւ օրգանիզմը շարունակում է խժռել վիրուսը, որը գոյություն ունի 30 տարի: Իշխանությունները ոչ միայն չուժեղացրին իմունիտետը, այլեւ նպաստեցին վիրուսի տարածմանը: Ինչպես հայտնի է, ամենահիմար բանը, որը կարելի է անել կորոնավիրուսի ժամանակ, հակաբիոտիկներ ընդունելն է՝ դրանով հիվանդներն ուղղակի կերակրում են վիրուսին:

Ճիշտ նույն ձեւով 2018 թվականից հետո հասարակական հիվանդությունը խորացնելու միջոց դարձավ ատելության քարոզը: Ես սկզբնական շրջանում զգուշացնում էի իմ իշխանական բարեկամներին, որ դա լավ չի վերջանա, բայց նրանք ասում էին, որ ես ինձ պահում եմ Լեոպոլդ կատվի նման: Ինչ-որ տեղ հասկանում եմ նրանց. հասարակության որակյալ մասը, որը սատարում էր նրանց՝ «հակամարմինները», այլեւս չկան, իսկ անորակ հասցեատիրոջը հենց այդ քարոզն է պետք: Հանուն արդարության ասեմ, որ եթե այդ քարոզը, վարչապետի խելահեղ «լայվերը» չլինեին, միեւնույն է, հիվանդությունն ինքն իրեն չէր բուժվի: Պետք էին առողջացմանն ուղղված հատուկ ջանքեր, որոնք չձեռնարկվեցին՝ չնայած դրա շանսը կար:

Իսկ որո՞նք են վիրուսի տարածման նշանները: Դրանք ամեն օր աչքներիս առաջ են: Պատերին «շեֆի» նկարները նորից կախելը, նախկին ՀՀԿ-ական «տասովշիկներին» ՔՊ-ի համար աշխատեցնելը, նախկին ՀՀԿ-ական գյուղապետերին ՔՊ համամասնական ցուցակում ներառելը, մրցույթով յուրայիններին «չալաղաջ» պետական պատվերներ տալը, ԶԼՄ-ների դեմ մեկը մյուսի հետեւից օրենքներ ընդունելը: Սրանք վիրուսի դրսեւորումներն են: Իսկ նոր հակամարմիններ առայժմ չեն երեւում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր