Նշելու ենք քաղաքացու տոնը և ավելի մեծ շուքով, հնարավորության դեպքում բյուջեն ավելացնելով. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. ՀՀ բյուջեից այս տարի 0 դրամ է ծախսվել Անկախության տոնի համար և աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեում։ Այս մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ինչ վերաբերում է «Քաղաքացու օրվան», մենք ամեն տարի այն պետք է նշենք, հնարավորության դեպքում բյուջեն պետք է ավելացնենք։ Որովհետև քաղաքացին մեր գերագույն արժեքն է և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում։ Մենք նշելու ենք քաղաքացու տոնը և ավելի մեծ շուքով»,-ասաց նա։
Արձագանքելով Հարությունյանի խոսքին, Աղվան Վարդանյանը նշեց.
«Ոչ մի կոպեկ չեք ծախսել Անկախության տոնի վրա, թվերը հրապարակված են, այո բյուջեից չեք ծախսել և եթե այդ 1.2 մլրդը ծախսել եք մասնավոր միջոցներից, ովքեր են այդ ծասխերը իրականացրել։ Թե ինչ կապ ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, կարծում եմ հայտնի է։ Եթե 1.2մլրդ կարողանում եք հայթայթել և այսպես նշել Անկախության օրը, կարծում եմ դժվար չէր լինի նաև 40 մլն հայթայթել և Ձեր ասած «Քաղաքացու օրը», որը Ձեզ համար բարձրագույն արժեք է միայն խոսքով, բայց իրականում ոչ մի արժեք չունի, կարող էիք դա էլ ձեր մասնավոր միջոցներից հատկացնել»։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Աղվան Վարդանյանը կարող է իրավական խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի իր առնչությունները միջոցառումը ֆինանսավորողների հետ։
«Խնդրում եմ դա անել, այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։