211652_close_icon
views-count1876 դիտում article-date 23:46 01-11-2021

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում՝ ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սերգեյ Ռախմանինովի, Պավել Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի և Էդուարդ Աբրահամյանի ռոմանսներով Հայաստանի երաժշտական ​​բուհերի ուսանողները մասնակցել են II-րդ «Հայկական Ռոմանսիադա»-ին:
 
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ), Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային ընտրական փուլը:
 
Տարածաշրջանային փուլի արդյունքով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ  գալա-համերգ, որտեղ ընտրվեցին հայկական «Ռոմանսիադայի» հաղթողները: Մրցանակակիրներն արժանացան դափնեկիրների կոչումներին, ինչպես նաև ստացան դիպլոմներ և մրցանակներ: 
 
Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։
 
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (գեղ.ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատար  Անի Քուշյանը, ով ներկայացրեց «Աղաչանք» ստեղծագործությունը: 
 
Երկրորդ տեղը կիսեցին  Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գառնիկ Եղիազարյանը և Սառա Հակոբյանը:  Երրորդ տեղում էր  Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետի 2-րդ կուրս ուսանողուհի Սոֆիա Սիմոնյանը:
 
Մրցույթին գնահատվում էր հեղինակային ոճը, արտիստիզմը, մասնագիտական հմտությունները և անհատականությունը։
 
«Ռոմանսիադան Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև մշակութային սերտ համագործակցության վառ ապացույցն է: Մրցույթը դարձել է ավանդական՝ նպաստելով ռուսական ռոմանսի առավել զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև ստեղծվում են կապեր և համագործակցություններ տարբեր երկրների մշակութային գործիչների միջև։ Մենք ունենք նաև ազգային ռոմանս անվանակարգ, որը շնորհվում է հայկական ռոմանսի կատարման համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
Մրցույթի ժյուրին գլխավորում էին ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գալինա Պրեոբրաժենսկայան և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:
 
«Նախորդ տարի, համավարակով պայմանավորված, մրցույթն օնլայն էր։ Ուրախ եմ, որ Երևանում եմ և իրականում կարող եմ վայելել երիտասարդների գերող և  զգայական ելույթները: Օնլայն հարթակները չեն կարող փոխանցել կատարումների հոգին։ Շատ տաղանդավոր ու մեծ ապագայով երիտասարդներ կան։ Ցավոք, ինձ հետ Մոսկվա կարող եմ տանել միայն մեկին»,- նշեց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։
 
«Ռոմանսիադան տարեցտարի նոր  թափ է հավաքում և նոր մակարդակի է բարձրանում ռոմանսի մշակույթը։  Հուսով եմ, որ առաջիկայում մրցույթի աշխարհագրությունը կընդլայնվի՝ ներառելով մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից», - նշեց  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:
 
Համերգին մասնակցեցին նաև Ռուսաստանից հրավիրված արտիստներ, բազմաթիվ երգի մրցույթների դափնեկիրներ Պոլինա Գարաևան և Վասիլիսա Շապլիկոն: Որպես հյուր ներկայացավ նաև անցյալ տարվա հայկական «Ռոմանսիադայի» հաղթող Տիգրան Մելքոնյանը։
 
Մրցույթի հաղթողը դեկտեմբերին կմասնակցի Մոսկվայում կայանալիք մրցույթի եզրափակչին և կներկայացնի Հայաստանը:
 
Հիշեցնենք, որ առաջին «Հայկական Ռոմանսիադան» կայացել է նախորդ տարի: Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը ստեղծվել է 1996թ.-ին  Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գ. Ս. Պրեոբրաժենկայայի կողմից: Առաջին Ռոմանսիադան անցկացվել է 1997 թվականին։



 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր