211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:57 01-11-2021

ՀայՓոստը և ԵՊՀ-ն սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նոյեմբերի մեկին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

ԵՊՀ-ն և ՀայՓոստը տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են, որի արդյունքում ուսանողներին և շրջանավարտներին արվել են բազմաթիվ աշխատանքային և պրակտիկայի առաջարկներ:

«Շնորհակալ ենք ԵՊՀ-ին այս նոր համագործակցության համար, որով մեր ուսանողները հնարավորություն կունենան ՀայՓոստի նման խոշոր ընկերությունում ստանալ պրակտիկ, խորը գիտելիքներ ոլորտի պրոֆեսիոնալ մեր աշխատակիցների կողմից: Պրակտիկա անցած լավագույն ուսանողները կարող են աշխատանքի անցնել և սկսել  իրենց կարիերան մեր մեծ և արագ տեմպերով զարգացող ընկերությունում»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Ուրախ ենք ողջունելու ձեզ ԵՊՀ-ում: Մայր բուհը շատ է կարևորում գործատուների և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:

Հաշվի առնելով այն, որ ուսանողները բուհում հիմնականում տեսական գիտելիքներ են ստանում, առաջնահերթ է դառնում այդ գիտելիքների՝ փորձով հարստացման, հմտությունների ձեռքբերման և գործարկման հարցը: Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և արդյունավետ համագործակցություն մաղթեց բոլորին:

ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով. «ՀայՓոստի համագործակցությունը Հայաստանի մայր բուհի հետ շատ կարևոր է մեզ համար: Այն ոչ միայն լավ ու որակյալ աշխատանքով կապահովի նորավարտներին, այնպես էլ կբարձրացնի ՀայՓոստի կադրերի որակը»:

Հուշագրով ամրագրվեցին ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստ ՓԲԸ-ում։

Կողմերը համատեղ քննարկեցին և նախատեսեցին մշակել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով:
 

Նմանատիպ նյութեր