211652_close_icon
views-count1644 դիտում article-date 13:50 31-10-2021

Շիրակի մարզի Արևշատ համայնքում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի խաչքար

Շիրակի մարզի Արևշատ համայնքում հոկտեմբերի 30-ին բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաքար-խաչքար, որի բացման պատիվը  տրվեց պատերազմում զոհված  տղաների ծնողներին: Խաչքարն օծվեց ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի։ «Այս օրերին լրանում է մեր զոհերի ու նահատակների տարելիցը, և ահա մեր զգացմունքերն աղոթք դարձած արտահայտվում ենք խաչերի ու խաչքարերի տեղադրությամբ և օրհնությամբ, որոնք մեր քրիստոնեկան պատմության մեջ խորհրդանշել են դժվարություն ու պայքար, վերածնունդ ու հաղթանակ»,-իր խոսքում նշեց   Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝, պատերազմի օրերին գյուղից շատերը կամավորագրվեցին, նրանցից 4-ը վիրավորվեցին, ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանը անհետ կորած է, իսկ երկուսը ընկան կռվում՝ իրենց անունը փառքով գրելով հերոսամարտերի հուշամատյանում:

Ժամկետային զինծառայող Պավել Սահակյանը՝ ծնված  2000 թվականին, շատ երազանքներ ու ծրագրեր ուներ:  Ծառայել է Մեղրիում, պատերազմի օրերին տեղափոխվել է  Ջրական ու այնտեղ էլ զինակից 18 ընկերների հետ զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից:  «Կենսուրախ էր ու բոլորին  օգնելու պատրաստ: Ես հպարտ եմ, որ ինձ հիմա ճանաչում են որպես Պավելի քույր: Ճիշտ է, ցավս խորն է, բայց հպարտությունս էլ է շատ մեծ»,- ասում է Պավել Սահակյանի քույրը՝ Ալինա Սահակյանը՝ նշելով, որ հուշաքարի բացումը համընկավ եղբոր ծննդյան օրվա հետ: 

 1997  թվականին ծնված Պողոս Մելիքյանը որպես կամավոր էր մեկնել պատերազմ: Չնայած ավագ եղբայրը ծառայության ընթացքում զինհաշմանդամ էր դարձել, Պողոսը, չլսելով մորը, անմիջապես կամավորագրվեց: ԼՂ տարբեր բնակավայրերում է եղել, վերջում իր մահկանացուն է կնքել Շուշիում: «Պողոսս կամավոր էր, բուժակ: Երազանքները շատ էին, բայց հայրենիքն առաջնային էր:  Վերջին անգամ զանգեց՝ ասաց՝ մա՛ ջան, առյուծ որդի ունես՝ 10 զինվորի կյանք եմ փրկել՝ շրջափակումից հանել, ասի՝ որդի՛ս, կյանքդ վտանգի մի՛ ենթարկի: Ուզում էր ռազմաբժիշկ դառնար: Իմ Պողոսս անմահացավ նոյեմբերի 8-ին»,- ասում է մայրը՝ Մարինե Մելիքյանը՝ նշելով, որ հուշաքարը սերունդների համար իր որդուն հիշելու լավագույն ձևն է:

 Գյուղում արցախյան պատերազմի հերոսների խաչքար ունենալու նախաձեռնությունը  գործարար Գոռ Սարգսյանինն է: «Որոշումս նոյեմբերի 9-ից հետո ծնվեց: Ցավը խորն էր բոլորիս: Ես ուզեցի իմ ուժերով իմ ներդրումն ունենալ: Մինչ այս ինչ-որ բան թերի էր գյուղում, իսկ հիմա զինվորները բանակ այստեղից են մեկնում՝ մի կողմում Մեծ Հայրենականի զոհերի հուշակոթողը, մյուսում՝ Արցախյան»,- նշեց Գոռ Սարգսյանը:  

Նմանատիպ նյութեր