211652_close_icon
views-count1851 դիտում article-date 18:23 29-10-2021

Բռնցքամարտի ԱԱ. Վահե Բադալյանը վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ հաջորդ փուլ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի առաջնությունում:

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Նրանցից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակիչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր:

Մենամարտի առաջին րոպեի ընթացքում մարզիկները կարծես ուսումնասիրում էին միմյանց, բայց դրանից հետո հայ բռնցքամարտիկը ակտիվացավ ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը: Առաջին ռաունդում Բադալյանը հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդ ռաունդի սկզբում հայ մարզիկը մի շարք հարվածներ հասցնելով մրցակցին անհրաժեշտ միավորներ հավաքեց ու սկսեց գործել պաշտպանությունից՝ հոգնեցնելով մրցակցին:

3-րդ ռաունդում արդեն ուժասպառ եղած մրցակցի ֆոնի վրա Բադալյանի առավելությունը գերնկատելի էր: Նա ռինգում անում էր այն ինչ ցանկանում էր ու հաղթեց բացահայտ առավելությամբ:

1/8 եզրափակիչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի  ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը:

Նմանատիպ նյութեր