Լարված վիճակ ԱԺ–ում. անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրին ամբիոնի մոտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հայտնում է News.am-ը։
«Դա դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»,-ասաց նա:
Սրան արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ներողություն, պարոն Մանուկյան, էստեղ կան էթիկայի կանոններ, չխախտեք: Դուք հենց նոր ինչ-որ մեկին մեղադրում էինք Արցախն ուրանալու մեջ, անուն տվեք»:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ բառացի կբերի ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքը, դրանից հետո կխոսեն:
«Այսինքն դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում: Անջատեք Գեղամ Մանուկյանի խոսափողը: Զբաղեցրեք ձեր տեղը»,-ասաց Ռուբինյանը:
Գեղամ Մանուկյանը չէր իջնում ամբիոնից՝ հայտարարելով, որ ԱԺ փոխխոսնակն իրավունք չունի իրեն զրկել խոսքի իրավունքից:
Ռուբինյանը խնդրեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից:
Անվտանգության աշխատակիցները բռնեցին պատգամավորի ձեռքերից եւ ուժ գործադրելով հեռացրին ամբիոնից: